«Մարտի 1-ի» գործով զոհերի ծնողները հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով ծնողներին վստահեցրել է, որ գործի բացահայտմանն ուղղված իրենց աշխատանքները շարունակվում են։
Tert.am-ի հետ զրույցում 2008-ի «Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը նշեց, որ գլխավոր դատախազին հանդիպելու նախաձեռնությունն իրենցն է եղել՝ հիմք հանդիսանալով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, թե գործը բացահայտված է։
Ազատուհի Քլոյանը նշեց, որ Գևորգ Կոստանյանին հարց են ուղղել, որ եթե գործը բացահայտված է, ապա ովքեր են մեղավորները և ինչու պատժված մեկը չկա։ Բացի այդ, նաև պահանջել են, ընդառաջել խորհրդարանում «Մարտի 1-ի» գործով հանձնաժողովի ստեղծմանը ու օրենքի առաջարկին։ Նշենք, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել՝ բարձրացնելով ծնողների փոխհատուցման խնդիրը։
«Պարոն Կոստանյանը մեզ հավատացրեց, թե սայլը տեղից կշարժվի և պետք չէ հույսը կորցնել։ Ճիշտ է, այսքան տարի է ոչ մի դրական փոփոխություն չենք տեսել ու չենք էլ պատկերացնում, որ հնարավոր է ստանալ, բայց երեկվա հանդիպումը մի քիչ ոգեշնչեց մեզ, երբ ասաց, որ կաշխատեմ տղամարդավարի, որ սայլը տեղից շարժվի»,- ասաց նա։
Ըստ նրա, գլխավոր դատախազը խոստացել է, որ կանի հնարավորինը, որ ծնողները գործում բացահայտման ուղղությամբ տարբերություն տեսնեն։
«Կոստանյանը նշեց, որ գործի քննությունը շարունակվում է և պարտադիր չէ, որ դուք ամեն բան տեսնեք՝ ելնելով քննչական մարմինների գաղտնիությունից։ Նա մեզ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում անհատական կկանչեն հարազատներին և կտեղեկացնեն, թե գործերն ինչ ընթացքում է, ինչ է եղել, ինչ են արել»,- ասաց նա։
Իսկ ՀԱԿ-ի օրինագծի հարցով ըստ նրա՝ Կոստանյանը նշել է, որ հարցն իր իրավասությունից դուրս է, չնայած կրկին խոստացել է, թե ինչքանով իրենից կախված է հարցը՝ կօգնի ընդառաջել։
Ի դեպ, հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: