Իրավական 

ՄԱԿ-ը կոչ է արել հրաժարվել կանանց նվաստացնող ավանդույթներից ու ծեսերից

Առաջին անգամ ՄԱԿ-ի երկու կոմիտեներ միասին հանդես են եկել ՄԱԿ-ի անդամ երկրների պարտավորությունների մասին ընդհանուր հայտարարությամբ՝ կապված ավանդական ծիսակատարությունների և արարողությունների հետ, որոնք անդառնալի վնաս են հասցնում կանանց հոգեկան և ֆիզիկական առողջությանը։

 

Այս մասին նշվում է un.org-ում՝ ՄԱԿ-ի պաշտոնակայն կայքում։

 

Խոսքը, մասնավորապես, կանանց սեռական օրգանների մասնակի հեռացման (genital mutilation), «հանուն պատվի» սպանությունների, բռնի կամ վաղ ամուսնությունների, բազմամուսնության և բռնի պլաստիկ վիրահատությունների մասին է։

 

Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն և Երեխաների իրավունքների հարցերով կոմիտեն ներկայացրել են ընդանուր առաջարկություններ, որոնցում խոսվում է այնպիսի վնասակար ավանդույթների մասին, ինչպիսիք են կուսության ստուգումը, երբ հանրային կերպով կնոջ արժանապատվությունը նվաստացվում է, կնոջ կրկնակի ամուսնության արգելքը՝ նույնիսկ ամուսնու մահից հետո։

 

Նշվում է նաև երեխայի սպանությունը՝ կապված երեխայի սեռի կամ այլ հատկանիշների հետ, կնոջ պարանոցի երկարեցումը՝ հանուն գեղեցկության և այլն։

 

Բացի այդ, պլաստիկ վիրահատությունները նշվում են որպես բռնություն, որոնց կանայք դիմում են հասարակության մեջ ընդունված գեղեցկության չափանիշներին համապատասխանելու ցանկությունից դրդված։

 

Մասնագետները գտնում են, որ նման վայրագություններն անդառնալի վնաս են հասցնում կնոջը և հաճախ արդարացվում են սոցիալական կամ կրոնական ավանդույթներով կամ էլ «մշակութային արժեքներով»։

 

Փաստաթղթում նաև մեկնաբանվում է, որ հասարակության մեջ նման ավանդույթները միտված են կնոջ ազատության և կյանքի վերահսկմանն ու կառավարմանը, որը խորապես արմատացած է այն գաղափարում, որ կինը տղամարդու սեփականությունն է։

 

Կոմիտեների անդամները կոչ են արել անդամ պետություններին մեկնաբանել բոլոր ստորագրված կոնվենցիաները և գնահատման արժանացնել իրենց երկրներում գործող այն ավանդույթները, որոնք վնասում են կնոջ հոգեկան և ֆիզիկական առողջությունն ու խախտում են հիմնարար իրավունքները։

Նույն շարքից