Կանադայի իշխող Պահպանողական կուսակցությունը մտադիր է ընդունել նոր օրենք, որը կարգելի այն ներգաղթյալների մուտքը երկիր, ովքեր մի քանի կին կունենան: Արգելքը կտարածվի նաև նրանց վրա, ովքեր հարկադիր կամ վաղ ամուսնություններ կկնքեն: Այս մասին հայտնել է քաղաքացիության և միգրացիայի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդերը՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Նրա խոսքով՝ այդ քայլը նպատակ ունի դիմակայելու վաղ և հարկադիր ամուսնություններին, ինչպես նաև Կանադայի տարածքում պաշտպանելու ներգաղթյալ կանանց սեռական բռնությունից: «Մենք չենք հանդուրժի մարդու իրավունքների խախտումները և հանցագործությունների իրականացումը, որոնք նախկինում այդ մարդիկ փորձել են արդարացնել (իրենց) մշակույթի ավանդույթներով»,- հայտարարել է նախարարը:
Ալեքսանդերը հավելել է, որ նման օրենքի ընդունումն ուղղված է կանադական հողում «բարբարոսական մշակույթի պրակտիկայի» զսպմանը, որը համատեղելի չէ ազգային արժեքների հետ: