Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը նվիրվում է հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու գալարափողահար Ռադեկ Բաբորակը (Չեխիա): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Փառատոնի հանդիսավոր փակմանը, որը կայանալու է վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում, հնչելու է Մանսուրյանի (Պարտիտա), Գլիերի (Գալարափողի կոնցերտ), Չայկովսկու (Սիմֆոնիա թիվ 1 «Ձմռան անուրջներ») ստեղծագործություններից:
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Փառատոնի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 10-ին: