Երեկ Մասիս քաղաքում շարունակվեց Կարո Կարապետյանը «Յուվեցի Կարո»-ն ըննդեմ Արթուր Զադոյանի դատաքննությունը:
Դատական նիստը սկսվեց նրանով, որ մեղադրող դատախազ Բիշարյանը միջնորդեց դատարանին ստուգել նիստին ներկա լրագրողների վկայականները՝ հիմնավորելով իր այս պնդումը նրանով , որ նիստին կարող են անարգել ներկա լինել միայն 16 տարեկանը լրացած անձիք: Նախագահող դատավորը հայացքն ուղղելով դեպի դահլիճ և հասկանալով, որ ներկաներից ամենաերիտասարդը մոտ 10 տարի առաջ արդեն անցել է այդ շեմը, մերժեց միջնորդությունը:
Նիստի ժամանակ ցուցմունք տվեց գործով վկա Է. Թարվերդյանը, ով այս գործով մեկ այլ վկայի՝ Ռոբերտ Մովսիսյանի հետ որպես բանվոր աշխատել է այն վայրին մոտ, որտեղ տեղի է ունեցել Կարո Կարապետյանի և Արթուր Զադոյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
Այս վկայի ցուցմունքները, նախկին վկաների պես, լի էր հակասություններով: Այնպիսի տպավորություն էր, որ սույն վկայի մոտ եղել է հիշողության կորուստ և իր ամբողջ ապրած կյանքից հիշում էր միայն դեպքի մանրամասները: Չէր հիշում ոստիկանին, ով իրեն հարցաքննել էր, չէր հիշում փաստաբանական գրասենյակի տեղը, չէր հիշում մեքենան, որով գնացել և եկել է դատախազություն, բայց անգիրը լավ սովորած երեխայի նման անընդհատ կրկնում էր. «Զադոյանը կզվավ, արնաշաղաղը կրակեց»:
Այս պատճառով էլ Ս.Սարգսյանը միջնորդեց հրապարակել նախաքննության ժամանակ վկայի տված ցուցմունքները:
Ինչպես նաև, Ս.Սարգսյանը հայտարարեց, որ սույն վկայի և ամբաստանյալի առերես հարցաքննության ժամանակ թույլ տրված խախտումների փաստով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում գործով քննիչ Վ. Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ Ա. Զադոյանի բողոքի հիման վրա:
Սույն հանգամանքը դուր չեկավ տուժողի ներկայացուցիչ Կ. Գրիգորյանին, և վերջինս ուսուցչի պես սկսեց պաշտպանել վերոնշյալ արժանահավատ վկային, փորձեց առարկել՝ իր աշակերտին կրկնակի քննության չթողնելու համար, սակայն նախագահող դատավորը բավարարեց միջնորդությունը:
Ցուցմունքները հրապարակվեցին, որից հետո վկա Է. Թարվերդյանը պատասխանեց Ս. Սարգսյանի հարցերին: Այդ ընթացքում Կ. Գրիգորյանը և սույն գործով մեղադրող Կարեն Բիշարյանը պարբերաբար առարկություններ էին հայտնում և Ս. Սարգսյանը հայտարարեց, որ փորձ է արվում խոչընդոտել հարցեր տալու ընթացքին:
Մյուս վկա Կարո Կարապետյանի ընկերը՝ Սարգիս Ավագյանը, տվեց ուշագրավ ցուցմունքներ. Վերջինս պատմեց, որ Զադոյանից գնել է գողացված ավտոմեքենա, որը մաքսանենգ ճանապարհով մուտք էր գործել Հանրապետություն,որից հետո Զադոյանը տվել է նրան երկու դատարկ բլանկ իսպանական կնիքներով: Ասաց, որ ինքը լրացրել է այդ բլանկները՝ փաստացի կեղծել է փաստաթուղթը, հետո այդ փաստաթղթով մաքսազերծել է ավտոմեքենան: Փաստացի օգտագործել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթը, այնուհետև այն գրանցել է Լենինականում, հետո Նորագավիթում, հետո Աբովյան քաղաքում, որպեսզի կորցնի գողացված ավտոմեքենայի հետքերը և վերջում հպարտորեն հայտարարեց, որ իր այդ աճպարարությունների շնորհիվ մի կերպ կարողացել է վաճառել այդ մեքենան: Փաստացի իրացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը, սակայն վաճառել է շուկայականից էժան, և Զադոյանը իրեն տարբերությունը պարտք է մնացել:
Հետաքրքիրն այն էր, որ այս հանցագործությունների մասին ինքնախոստովանական ցուցմունքները հայտարարվեցին մեղադրող դատախազ Բիշարյանի ներկայությամբ,և վերջինիս կողմից ոչ մի արձագանք չեղավ:
Այս ամենը տեսնելով մեծ ցանկություն առաջացավ բարձրաձայն դիմել մեղադրող դատախազին՝ նրան հղելով մեր հին հայկական երգից մի հատված «Զարթնիր լաո մեռնիմ քզի», բայց քանի որ գտնվում էինք դատական նիստին, մի կերպ զսպեցինք մեզ:
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 18-ին ժամը 16:30-ին: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու համար: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհահատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Հիշեցնենք, որ Արթուր Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը սույն գործի շրջանակներում դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Հ.Գ. ՀՀ Քր. Դատ. Օր., Հոդված 179.
Լրատվության միջոցների հաղորդումները.
1. Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցություններում:
2. Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը: