Human Rights Watch կազմակերպությունը Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած նախագահության ավարտի կապակցությամբ հանդես է եկել զեկույցով եւ համարել, որ այս ընթացքում Ադրբեջանում շատացել են ռեպրեսիաները հատկապես ընդդեմ մարդու իրավունքների եւ ազատ խոսքի:
Կազմակերպության փորձագետԳիորգի Գոգիայի ներկայացմամբ, ԵԽ նախագահության 6 ամսվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը շեշտում էր, որ կողմ է արտահայտվում երիտասարդ քաղաքական գործիչների առաջընթացին, միաժամանակ, իր երկրում երիտասարդ ակտիվիստները բանտարկվում էին:
«Ադրբեջանի նախագահության ընթացքում անցկացվել է բարձր մակարդակի քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ միաժամանակ Ադրբեջանի առաջավոր փաստաբաններից մեկը ձերբակալվել է կասկածելի հարկային խնդիրների պատճառով: Երբ նախագան Իլհամ Ալիեւն այցելեց Ստրասբուրգ, ԵԽԽՎ նիստի ժամանակ հայտարարեց, որ իրենց երկրում մարդու իրավունքների ոլորտում որեւէ խնդիր չկա եւ բոլոր նրանց, ովքեր հակառակն էին պնդում, անվանեց ստախոսներ»,- գրում է Գոգիան` հավելելով, թե սարսափելին այն է, որ ԵԽ նախագահության վեց ամսվա ընթացքում Ադրբեջանում ռեպրեսիաներն ավելի ուժեղ բնույթ ստացան, եւ մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվեցին:
«Նրանց թվում են իրավապաշտպաններ Լեյլա Յունուսը, նրա ամուսինը` պատմաբան Արիֆ Յունուսը, Ռասուլ Ջաֆարովն ու Ինդիհամ Ալիեւը: Նրանք չորսն էլ գտնվում են նախնական կալանքի տակ կեղծ մեղադրանքներով: Ադրբեջանի իշխանությունները նաեւ օրենքում սահմանափակումներ են մտցրել, որոնց պատճառով հասարակական կազմակերպությունները չեն կարողանում ֆինանսավորում ստանալ, եւ այդ կերպ նրանց ստիպում են լռել: ԵԽ-ում Ադրբեջանի նախագահության օրոք այդ երկիրն արժանացավ լուրջ քննադատությունների` մարդու իրավունքների խախտումների համար»,- եզրափակում է Գոգիան` առաջարկելով, որ ԵԽ ղեկավարությունն ամենախիստ մեթոդներով դատապարտի Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները: