Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ապրանքների շարժի և ներքին շուկաների գործունեության կարգում նախատեսվում են հստակ բացառություններ: Այս մասին հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ եզրակացությունը: «Այդ բացառություններն անհրաժեշտ են անդամ պետություններում մարդու կյանքի և առողջության պահպանման, հասարակական բարոյականության և իրավակարգի պահպանման, շրջակա միջավայրի պահպանման, կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պահպանության, միջազգային պարտավորությունների կատարման, անդամ պետությունների ազգային անվտանգության ապահովման համար»,- ընդգծեց Հարությունյանը:
Միաժամանակ, նախատեսվում է տնտեսական քաղաքականության իրականացում՝ ուղղված անդամ պետությունների ազգային արժույթների նկատմամբ վստահությունը բարձրացնելուն` ինչպես յուրաքանչյուր անդամ պետության ներքին շուկայում, այնպես էլ միջազգային արժութային շուկաներում:
Պայմանագրի առաջին հավելվածով նախատեսված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի հիմքում նույնպես դրվում են կողմերի միջազգային պարտավորությունների հարգման, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով ու սկզբունքներով ղեկավարվելու պահանջներ: «Եվրասիական տնտեսական ինտեգրումն իր ողջ ծավալով կառուցվում է միջազգային պայմանագրերի վրա, իսկ կողմերի պարտավորությունները խարսխված են կամավորության ու փոխշահավետության վրա»,- ընդգծեց ՍԴ նախագահը:
Պայմանագրի երկրորդ հավելվածով՝ «Հայաստանի Հանրապետության միանալու առնչությամբ` ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրում և Մաքսային միության ու միասնական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական կարգավորումներին բնորոշ մի շարք առանձնահատկություններ: «ԵՏՄ մասին պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են տվյալ պայմանագրի անբաժանելի մասը»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: