Այս տարվա կեսերից հասարակության մեջ լուրեր տարածվեցին մեր «հնարամիտ» ազգի ևս մի նորարարության մասին: Որոշակի անձիք, հավանաբար հոգեկան խնդիրներ ունեցող և ինքնահաստատման բարդույթով տառապող, սկսեցին կատարել գործողություններ` օգտագործելով ՀՀ ամենախորհրդավոր կառույցի `ԱԱԾ-ի անունը:
Մասնավորապես` 2014 թ-ի հուլիս ամսին լուրեր տարածվեցին,որ ԱԱԾ աշխատակից ներկայացած ոմն Վլադ Հակոբյանը փորձել է «հավաքագրել» Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին:
2014 թ-ի հոկտեմբեր ամսին ԱԱԾ նախկին աշխատակից ներկայացած Համլետ Հովհաննիսյանը փորձել է սպառնալիքներով միջամտել փաստաբանների պալատի անդամ Սուսաննա Սարգսյանի մասնագիտական գործունեությանը՝ օգտագործելով նորից նույն կառույցի անունը:
Իսկ այժմ էլ լուրեր տարածվեցին, որ Ararum.am կայքի խմբագիր Հովհաննես Եսայանին մինչև նրան ձերբակալելը նույնպես փորձել են «հավաքագրել» ԱԱԾ աշխատակից ներկայացած Արտյոմ Ղարիբյանը և ոմն Գևորգյան:
Այս ամենի մեջ հետաքրքիրն ԱԱԾ լռությունն է, քանի որ սույն անձիք օգտագործում են նրանց անունը, օգտագործում են շատ կոպիտ,ոչ պրոֆեսիոնալ,դե դա բնական է, քանի որ վստահ ենք՝ երեք դեպքերում էլ գործ ունենք ինքնահաստատման բարդույթով տառապող անձանց հետ, բայց այնուամենայնիվ գտնում ենք, որ ԱԱԾ-ը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ամեն մի ստահակ չօգտագործի տվյալ կառույցի անունը, քանզի անկախ քաղաքական հայացքներից, ԱԱԾ-ը կառույց է,որը ստեղծված է ապահովելու ՀՀ անվտանգությունը և այս կերպ վարկաբեկելով այդ կառույցը ավտոմատ վարկաբեկվում է պետությունն ընդհանրապես: