Իրավական 

ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկը $250 մլն կվճարի գործարար Աշոտ Եղիազարյանին՝ «Մոսկվա» հյուրանոցի համար

Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է ՌԴ ամենահարուստ գործարարներից Սուլեյման Քերիմովին հայազգի գործարար Աշոտ Եղիազարյանին վճարել 250 մլն դոլար, գրում է Газета-ն՝ «Ведомости» թերթին հղումով։

 

Ըստ աղբյուրների՝ տվյալ գումարը ներառում է նոր «Մոսկվա» հյուրանոցի շինարարության համար հայցվորների ծախսերը։ Վճարումը պետք է իրականացվի 2 փուլով։ Առաջին վճարման ժամկետը մինչև նոյեմբերի 25-ն է։

 

2010-ին Եղիազարյանը և նրա ներկայացուցիչները հայց էին ներկայացրել Լոնդոնի և Կիպրոսի դատարաններ։

 

Պատասխանողները Սուլեյման Քերիմովն էր, Արկադի Ռոտենբերգը, նրա գործընկեր Կոնստանտին Գոլոշչապովը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը և նրա կինը՝ Ելենա Բատուրինան։ Եղիազարյանը մեղադրում էր Քերիմովին և Ռոտենբերգին «Մոսկվա» հյուրանոցում մասնաբաժին զավթելու համար։ Նա վնասը գնահատում էր 2 մլրդ դոլար։

 

Դատական գործընթացները գործի այլ մասնակիցների միջև շարունակվում են։ Ներկայում Քերիմովին ներկայացված ընդհանուր գումարը մոտ 600 մլն դոլար է։

 

Քերիմովի և Եղիազարյանի ներկայացուցիչները չեն մեկնաբանում իրավիճակը։

Նույն շարքից