Իրավական 

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են կատարվել

analitik.am

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից նոյեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման երեք արձանագրություն` անտառից 17  ծառի  ապօրինի դուրս բերման համար: Անտառխախտման թիվ 020 արձանագրությունը կազմվել է Գ. Ստեփանյանի նկատմամբ նոյեմբերի 21-ին «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում 5 կանգուն ծառի ապօրինի հատման համար, անտառխախտման թիվ 021  արձանագրությունը կազմվել է նոյեմբերի 17-ին Կ. Գուլինյանի նկատմամբ «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնում` ապօրինի հատված 8 կանգուն ծառի  համար, իսկ թիվ 022  արձանագրությունը` նոյեմբերի 17-ին «Հաղարծին» տեղամասի 11-րդ պահաբաժնում  Մ. Մելիքբեկյանի  նկատմամբ` ապօրինի հատված  4 ծառի համար: Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից:

 

Նոյեմբերի 6-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ` որսագետ Ա.Սարգսյանի և որսհսկիչ Ա.Գուլինյանի  կողմից  հերթական ստուգայցի ժամանակ «Հաղարծին» տեղամասի թիվ 9-րդ պահաբաժնի 33 քառակուսում հայտնաբերվել է մետաղյա լարերից պատրաստված չորս թակարդ, իսկ նոյեմբերի 15-ին որսհսկիչ Ա.Գուլինյանի կողմից «Հաղարծին» տեղամասի 9-րդ պահաբաժնի տարածքից հայտնաբերվել է որսորդական 3 թակարդ: Բոլոր հայտնաբերված թակարդները հանձնվել են կազմակերպության պահեստ:

Նույն շարքից