Իրավական 

2014 թ. 9 ամիսներն աչքի են ընկել դեպքերի առատությամբ` 9525 արտակարգ պատահար. ԱԻՆ պաշտոնյա

2014 թվականի առաջին ինն ամիսներն աչքի են ընկել դեպքերի առատությամբ. գրանցվել է 9525 արտակարգ դեպք-պատահար, զոհվել է 445, տուժել 6702 մարդ:

Այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով տարվա առաջին 9 ամիսների արտակարգ պատահարների ամփոփումը և վերլուծությունը:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցանք 85%-ով դեպքերի աճ՝ միայն տեխնածին: Ընդհանուր առմամբ աճի մեջ լուրջ ցուցանիշներ չգրանցվեցին, քանի որ դրանք հիմնականում հրդեհների դասում էին և խոտածածկ տարածքներում ոչ վտանգավոր հրդեհների թվում են դրանք գրանցվել»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը՝ ավելացնելով, թե նշված ժամանակահատվածը տարերային վտանգավոր երևույթներով էր ողողված:

«Մասնավորապես, ունեցանք 111 ուժեղ քամու դեպք, ինչն աննախադեպ էր»,-նշեց բանախոսը:

Վերջինիս խոսքով՝ դեպքերի՝ թե՛ հրդեհների, թե՛ ՃՏՊ-ների և թե՛ թունավորումների գերակշռող մեծամասնությունը գրանցվում է մայրաքաղաքում:

Շարունակելով մանրամասներ ներկայացնել՝ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը տեղեկացրեց, որ ծառայությունում 9 ամիսների ընթացքում մեկ միլիոն 117 հազարից ավելի զանգ է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 77 հազարով ավելի է:

«Այս 9 ամիսների ընթացքում փրկարարներին հաջողվել է 133 մարդու կյանք փրկել, ինչը 21-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս տարի հրդեհներից մենք ունեցանք 24 զոհ, 7-ի կյանքը հաջողվել է փրկել»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Դեպքերի մասին խոսելիս՝ բանախոսն ասաց, թե ամենախոշոր և անցանկալի դեպքը Շիրակի մարզում տեղի ունեցած վթարն էր:

«Զավեշտալի զանգեր էլ են լինում, լինում են դեպքում, երբ քաղաքացիները առնետ կամ միջատներ են տեսնում, զանգում, կանչում են, նույնիսկ շորերը լվացքի պարանին փաթաթվելու դեպքի համար է զանգ գրանցվել»,-պատմեց կենտրոնի պետը։

«Ինչպես բազմիցս նշել ենք, մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ չկա մեծ ու փոքր աղետ, մենք արձագանքում ենք յուրաքանչյուր կանչի»,-հավելեց նա։

Նույն շարքից