Իրավական 

Ստորագրվել է ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության մատուցումը վերաբերյալ պայմանագիր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 25-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, պայմանագիր է կնքվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական ծառայությունում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը կարգավորելու վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:


Հոգևոր ծառայության նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանը, աջակցել  դատապարտյալների ուղղման աշխատանքներին, բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր, կրոնական և ծիսական պահանջմունքները, քրեակատարողական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` նպաստել պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքին ներգրավմանը:


Նախարարի խոսքով՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերը ազատազրկվածների կյանքում մեծ նշանակություն ունի: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ այսօր ունի իր սրբատեղին: «Հոգևոր ծառայության կարևոր նշանակությունն անժխտելի է, դրա մասին խոսում են փաստերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն դատապարտյալները, ովքեր հոգևոր կապի մեջ են լինում այլևս հետ չեն վերադառնում քրեակատարողական հիմնարկներ: Պետությունը, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ամեն ինչ անելու է քրեակատարողական հիմնարկներում այս ծառայության հիմքերն ամուր պահելու համար»,- ասել է Հովհաննես Մանուկյանը և այս կարևոր ու անհրաժեշտ համագործակցությանը մաղթել շոշափելի արդյունքներ:

Նույն շարքից