Ռիհանան կնկարահանվի ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Վալերիանը և Հազար մոլորակների քաղաքը» ֆիլմում: Այդ մասին անձամբ ռեժիսորը հայտնել է Instagram սոցցանցի իր էջում:
Գլխավոր դերերը կխաղան ամերիկացի դերասան Դեյն Դահաանը և բրիտանացի մոդել Կառա Դելեվինը։
«Ռիհանայի համար «Վալերիանը և Հազար մոլորակների քաղաքը» կդառնա երրորդ և ամենախոշոր կինեմատոգրաֆիական աշխատանքը»,- նշել է The Verge կայքը։
Սպասվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2016 թվականի հունվարին:
Ֆիլմի սյուժեն հիմնված է ֆրանսիացի գրող Պյեռ Քրիստինի և նրա հայրենակից իլյուստրատոր Ժան-Կլոդ Մեզյեի կոմիքսի վրա։ Կոմիքսը, որը ստեղծվել է 1967 թվականին, պատմում է ժամանակի մեջ գլխավոր հերոսի՝ Վալերիանի և նրա ընկերուհի Լորելինի մասին։