Իրավական 

Հովհաննես Մանուկյանը՝ Հրայր Թովմասյանի, Արթուր Օսիկյանի և Միհրան Պողոսյանի մասին

Այսօր կառավարության հերթական նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար քարտուղար Հրայր Թովմասյանի այսօրվա նիստում արած դիտարկմանը, թե նախարարի ներկայացրած որոշման նախագծում կա անհամապատասխանություն կանոնադրության հետ, քանի որ որոշ փաստաթղթեր առկա չեն :

Դիտարկումը Հովհաննես Մանուկյանը շատ նորմալ ընդունեց, քանի որ, երբ կառավարությունը նախորդ անգամ հրատապության ռեժիմով նախագիծ ներկայցրեց ԱԺ այդ փաստաթղթերը չկային, բայց հիմա հրատապության ռեժիմ չկա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տպավորություն է, որ նախարարի թերացումը Հրայր Թովամասյանը կառավարության նիստում ի հայտ բերեց, Հովհաննես Մանուկյանն այսպես արձագանքեց.«Ես հասկանում եմ հարցերի պրովոկացիոն բնույթը, բայց բացարձակ այդտեղ բան մի փնտրեք»: Նույնը կրկնեց այն հարցին, թե Թովմասյանը պրովոկացիա չարե՞ց:

Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև Քրեակատարողական հիմնարկների վերջերս նշանակված ղեկավար Արթուր Օսիկյանի գործունեությանը և նշեց.« Ասեմ, որ քրեակատարողական համակարգում անցած 6-7 ամիսների ընթացքում բավականին լուրջ տեղաշարժեր կան: Շատ բաներ մի գուցե այսօր ձեզ համար տեսանելի չլինի, որովհետև այն նախաձեռնությունները, որը մենք սկսել ենք դրանց արդյունքը հավանաբար 1-2 տարի հետո ռեալ կյանքում կտեսնենք »: Օսիկյանի մասին խոսելիս նախարարն ասաց, որ վերջինս փորձառու իրավաբան է, պետական ծառայող .«Երիտասարդ, ավյունով լի և կարծում եմ, որ մեր ջանքերը և նրա, ծառայություններն իրականացնելու ջանքերը համատեղելու արդյուքնում բավականին լավ արդյունքներ կարձանագրենք »:

ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի վերաբերյալ մամուլի հրապարակումներին անդրադառնալով, թե իբր Պողոսյանը որևէ մեկի հետ չի համագործակցում և ինքնուրույն է աշխատում, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ արդարադատության նախարարությունում բոլոր ծառայություններն աշխատում են նորմալ, օրենքի շրջանակներում.«ԴԱՀԿ ղեկավարին պետք է բնութագրեմ, որպես շատ լավ աշխատողի, որովհետև այդ համակարգն աշախտում է հստակ, կարգապահ, իսկ այն դժգոհությունները, որոնք վերջին շրջանում կան, այդ դժգոհությունները հիմնականում թերի օրենսդրական կարգավորումների արդյունք են, ինչի ուղղությամբ մենք բարելավելու որոշակի փորձ ենք անում»:

Նույն շարքից