Հայաստանի քրեակատարողական համակարգում անցած 6-7 ամսում բավականին լուրջ տեղաշարժեր են արձանագրվել, որոնք միգուցե այսօր տեսանելի չեն, սակայն դրանց արդյունքը հավանաբար կտեսնենք 1-2 տարի հետո:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Օրինակ, ընդամենը 2 շաբաթ առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ներքո գործող էներգախնայողության հիմնադրամի հետ ստորագրեցինք համաձայնագիր, որով պետք է 6 մլն դոլարի ներդրում կատարվի ՔԿ հիմնարկներում՝ էներգախնայողություն ապահովելու համար: Ծրագրով մենք պետք է արդիականացնենք նաև այդ հիմնարկների ջեռուցման համակարգերը, այնպիսի ռեժիմներ կիրառենք, որոնք թույլ չեն տա էներգիայի հնարավոր կորուստ, մասնավորապես պետք է փոխվեն բոլոր դռները, պատուհանները: Արդյունքում՝ քրեակատարողական համակարգի վրա տարեկան ծախսվող գումարներից 1/3 չափով խնայողություն կունենանք»,- նշեց Արդարադատության նախարարը:
Նրա խոսքով՝ բացի ֆինանսական խնայողությունից, ծրագրով կբարելավվեն նաև դատապարտյալների կենցաղային պայմանները:
Ըստ Մանուկյանի՝ այսպիսի բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք առնչվում են առողջապահական ոլորտին, դատապարտյալների սննդի որակի բարձրացմանը և այլն: