ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 27-ին շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատական նիստում ներկայացվել են դիվերսանտների ձերբակալման պահին նրանց մոտից առգրավված տեսասկավառակներում առկա նյութերը, որոնք 2007 թվականի հունիսին և սեպտեմբերին տեսանկարահանել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ամբաստանյալ Դիլհամ Ասկերովը:
Տեսանյութերում, որոնք ուղեկցվում են Ասկերովի մեկնաբանությամբ, մանրամասն նկարագրվում են Շահումյանի շրջանի հայկական բնակավայրերի դիրքը, ժողովրդագրական տվյալները, բնակչության զբաղվածության ու ենթակառուցվածքների մասին տվյալներ։ Ամբաստանյալն իր կատարած տեսանկարահանումներում առանձնահատուկ տեղ է հատկացրել շրջանում տեղակայված ԼՂՀ ՊԲ զինվորական ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի մակնիշներին ու տեղակայման վայրերին։ Բացի այդ, տեսանյութերի մեջ կատարած իր մեկնաբանություններում նա հաճախ է հնչեցնում հայերի նկատմամբ ազգային ատելություն պարունակող արտահայտություններ՝ իր հայրենակիցներին կոչ անելով ստեղծել պարտիզանական ջոկատներ` Շահումյանի շրջանը հետ գրավելու նպատակով։ Հատկանշական է, որ նա իր մեկնաբանություններից մեկում իրեն Շահումյանի շրջանում գտնվելու հնարավորություն ընձեռելու համար հատուկ շնորհակալություն է հայտնում ոմն Աբգան Մուալիմովին և նրա պետին։
Պատասխանելով տեսանյութերի շուրջ դատախազ Կարեն Գաբրիելյանի և դատավոր Անատոլի Թադևոսյանի հնչեցրած հարցերին՝ ամբաստանյալ Ասկերովը ժխտել է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ՝ պնդելով, որ տեսանկարահանումներն իբր կատարել է միայն անձնական ու ընտանեկան դիտումների նպատակով։
ԼՂՀ ժողովրդագրական վիճակի, բնակչության զբաղվածության, ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմական բնույթի տեղեկություններ հավաքելու և տարածելու համար Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով։