ԱԺ պատգամավոր, «տուժող» Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) և ամբաստանյալ, Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի գործով վկա, Սիսիանի ներկայիս ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանը այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստում ցուցմունք տվեց, որի մեջ կային հակասություններ իր նախաքննական ցուցմունքին և գործով մյուս վկաների ցուցմունքներին:
Գ. Բեգլարյանը 2009 թվականին Մասիսի ոստիկանապետն է եղել, Կ. Կարապետյանն էլ՝ նախկինում եղել է իր աշխատակիցը: Դեպքին ականատես չի եղել: Դրա մասին իմացել է, երբ Մասիսի ոստիկանությունն ահազանգ է ստացել և նա աշխատակիցների հետ ժամանել է դեպքի վայր: Այս գործով վկաներ Oնիկ Հովհաննիսյանը, Էդուարդ Թարվերդյանն ու Ռոբերտ Մովսիսյանը դատարանում իրենց տված ցուցմունքներում նշել են, որ դեպքի վայրում եղել է երկու զենք՝ «Բրաունինգ» և «Մակարով» տեսակների, մինչդեռ ոստիկանապետ Գ. Բեգլարյանն իր ցուցմունքում նշեց 3-4 զենքի մասին՝ հստակ չհիշելով դրանց թիվը: «Ես եմ վերցրել զենքերը, կոնկրետ չեմ հիշում՝ երևի 3-4 միավոր զենք, որոնք ներկայացրել եմ քննիչին»,- նշեց նա՝ շարունակելով, որ հիշում է՝ զենքերից մեկը Կ. Կարապետյանի ձեռքից է վերցրել, մյուսն էլ՝ Կ. Կարապետյանի վարորդ Օ. Հովհաննիսյանն է իրեն տվել ու ասել, թե Ա. Զադոյանի զենքն է: Միայն հիշում է, որ զենքերից մեկը «Մակարով» տեսակի էր: Նշեց, որ «Մակարով»-ը ըստ Կ.Կարապետյանի պատկանել է Արթուր Զադոյանին ու որ այն հանել են ավտոմեքենայից, իսկ Օ. Հովհաննիսյանն իր ցուցմունքում ասել է, որ այդ զենքն իր գոտկատեղից են հանել և որ ինքն էր դա վերցրել Ա. Զադոյանի ձեռքից:Փաստորեն, ըստ վկայի, դեպքի վայրում եղել է նաև երրորդ ատրճանակը, որը կրակել է, թե ոչ դեռևս պարզ չէ,և ամենազարմանալին այն է, որ, ըստ վկայի, «Մակարով» ատրճանակը Օ.Հովաննիսյանը վերցրել է Կ.Կարապետյանի ավտոմեքենայից և վստահ կարելի է ենթադրել,որ հենց այդտեղ էլ եղել է,այլ ոչ թե Զադոյանի մոտ, որովհետև աբսուրդ է ենթադրել,որ այդ իրարանցման մեջ,Ա.Զադոյանի ոտքի վրայից զենքը վերցնելուց հետո Օ.Հովանիսյանը պիտի այն տաներ և դներ մեքենայի մեջ:
Հաջորդ հակասությունն այն է, որ ըստ Գ. Բեգլարյանի, երբ իրենք ժամանել են դեպքի վայր, այնտեղ մի շարք մարդիկ են եղել, կոնկրետ թիվ չնշեց, միայն ասաց, որ մի մասը արհեստավորներ են եղել,և որ իր ցուցումով բոլորը տարվել են Մասիսի բաժին,և բացի ականատես վկաներից մնացած բոլորը բաց են թողնվել, իսկ ականատեսները հարցաքննվել են: Մինչդեռ այս գործում առկա չէ և ոչ մի արհեստավոր վկա, բացի Է. Թարվերդյանից և Ռ. Մովսիսյանից, որոնք էլ, ըստ գործի նյութերի, հայտնաբերվել են դեպքից օրեր անց:Թե ուր են կորել իրական ականատես վկաները մնում է միայն ենթադրել:
Ի դեպ, Է. Թարվերդյանը և Ռ. Մովսիսյանը իրենց ցուցմունքներում նշել են, որ մինչև իրենց փախչելը, բացի իրենցից, դեպքի վայրում այլ ականատես վկա չի եղել, բացի վարորդ Օ. Հովհաննիսյանից: Ստացվում է, որ կամ Գ. Բեգլարյանը դեպքի վայրում չի եղել /որը որ մենք բացառում ենք/,կամ Է. Թարվերդյանը և Ռ. Մովսիսյանը:
Եվս մեկ հակասություն, Գուրգեն Բեգլարյանը նշեց, որ պատգամավորին ոստիկանական մեքենայով են տեղափոխել հիվանդանոց, իսկ Զադոյանին՝ շտապօգնության: Մինչդեռ Կ. Կարապատյանն իրեն հիվանդանոց տեղափոխելու մասին խոսելիս նշել է, որ իրեն հիվանդանոց է տեղափոխել իր ավտոմեքենայով ԱԺ Պատգամավոր Տ.Սահակյանը:
Այսօր ցուցմունք տվեց նաև սույն գործով վկա Գագիկ Գրիգորյանն, ով աշխատել է մյուս վկաներ Է. Թարվերդյանի և Ռ. Մովսիսյանի հետ: Հիշեցնենք, որ նրանք որպես բանվոր աշխատել են այն վայրին մոտ, որտեղ տեղի է ունեցել Կարո Կարապետյանի և Արթուր Զադոյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Գ. Գրիգորյանը, սակայն, դեպքի վայրում չի եղել և ականատես վկա չէ՝ ի տարբերություն մյուս երկու վկաների: Այս վկան նույնպես ,մնացած վկաների պես, տառապում էր հիշողության մասնակի կորուստով,այսինքն իր ամբողջ ապրած կյանքից հիշում էր միայն դեպքը և մնացած հարցերին պատասխանում էր՝ չեմ հիշում:Այս հանգամանքը չվրիպեց Ա.Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանի աչքից, և վերջինս հարց տվեց վկային. «Ինչպե՞ս կբացատրեք, որ մոտ կես տարի առաջ նախաքննական ցուցմունք է տվել՝ հիշելով մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած դեպքի մանրամասները, իսկ այսօր դատարանում, երբ իր տված նախաքննական ցուցմունքից ընդամենը ամիսներ են անցել, նա հարցերի մեծամասնությանը պատասխանում է՝ չեմ հիշում, երկար ժամանա՞կ է անցել»:
Վկան նաև դատարանում հայտարարեց, որ ինքը դեպքի վայրում եղել է ընդամենը 1-2 րոպե,և հեռացել է,մինչդեռ իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ այդ օրը աշխատել են մոտ մեկ ժամ,ավարտել են աշխատանքը,ինքը գնացել է,իսկ մյուս երկուսը փոխվելուց են եղել, որ գնան:Այս հանգամանքը նույնպես բուռն վեճի առարկա դարձավ պաշտպան Սուսաննա Սարգսյանի և Կ.Գրիգորյանի միջև:Վերջինս ամեն կերպ չէր ուզում ,որպեսզի հրապարակվի վկայի ցուցմունքի այդ հատվածը, սակայն ի վերջո դատարանը բավարարեց Սուսաննա Սարգսյանի միջնորդությունը և ցուցմունքը հրապարակվեց:
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին: Նիստին կքննվեն իրեղեն ապացույցները։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու համար: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Լուսանկարում ՝ Կարո Կարապետյանը (ձախից) և սույն գործով նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը