Իրավական 

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը պահպանել է 94-րդ տեղը

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը ներկայացրել է ամենամյա «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը»:

 

Հայաստանը պահպանել է 94-րդ տեղը՝ Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի, Պանամայի հետ: Հայաստանը հավաքել է հնարավոր 100 միավորից 37 միավոր՝ 2013 թվականին հավաքած 36 միավորի փոխարեն:

 

Ըստ կազմակերպության տվյալների՝ կոռուպցիայից առավելապես զերծ երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան, որոնք հավաքել են հնարավոր 100 միավորից, համապատասխանաբար, 92, 91 և 89 միավոր:

 

Transparency International-ի ինդեքսի համաձայն՝ ամենակոռումպացված երկրներն են Հյուսիսային Կորեան և Սոմալին, որոնք ութական միավոր են հավաքել:

 

Ադրբեջանն այս տարի 27 միավորով զբաղեցրել է 126-րդ տեղը՝ անցած տարվա 28 միավորի փոխարեն, Վրաստանը  52 միավորով զբաղեցրել է 50-րդ տեղը` անցած տարվա 49-ի փոխարեն, իսկ Ռուսաստանը զբաղեցրել է 136-րդ տեղը՝ հավաքելով 27 միավոր:

 

«2014 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսը ցույց է տալիս, որ տնտեսական զարգացումն անհնարին է դառնում, իսկ կոռուպցիայի դեմ գործադրվող ջանքերն անարդյունավետ են, երբ առաջնորդներն ու բարձրաստիճան անձինք չարաշահում են իշխանությունը՝ անձնական շահի համար պետական միջոցներ յուրացնելու նպատակով»,- վարկանիշը մեկնաբանել է Transparency International-ի նախագահ Խոսե Ուգասը:

Նույն շարքից