Իրավական 

Մինչև 2014թ. գլխավոր հարկադիր կատարողի կողմից հայտարարագիր ներկայացնելու՝ օրենքով սահմանված պահանջ չի եղել. ԴԱՀԿ պարզաբանումը

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի և եկամուտների մասին հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ:  

Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը օրաթերթը ս.թ. դեկտեմբերի 5-ի  համարում  գրել է, որ  ՀՀ գլխավոր  հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով առնվազն վերջին երեք տարիներին գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր չի ներկայացրել:

 

Այս կապակցությամբ ԴԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ դեռևս 05.10.2013 թվականին, նույն հարցի կապակցությամբ հրապարակմանն ի պատասխան՝ տրվել է հստակ պարզաբանում այն մասին, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի` օրենքով սահմանված կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի, եկամուտների հայտարարագրեր ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Նույն օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի ուժով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը ընդգրկված չէր այդ ցանկում:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկում ընդգրկվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների հիման վրա, որն ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից:

Հետևաբար, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Միհրան Պողոսյանի կողմից գույքի, եկամուտների հայտարարագիր ներկայացնելու օրենքով սահմանված պահանջ և ընթացակարգ մինչև 2014 թվականի օրենսդրական համապատասխան փոփոխությունները նախատեսված չեն եղել:

 

Իսկ համապատասխան հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթակա են ներկայացման յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ քան տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը, ինչը և կարվի օրենքով սահմանված կարգով»:

Նույն շարքից