Իրավական 

Իրանում ձերբակալված ամերիկացի լրագրողը միայն մասնագիտական գործունեությամբ է զբաղվել. Քերի

Washington Post-ի՝ Իրանում ձերբակալված թղթակիցը զբաղվել է միայն մասնագիտական գործունեությամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ամերիկացի լրագրողին Իրանում մեղադրանք առաջադրելը Քերին բնութագրել է «տագնապալի»:

 

«Ջեյսոն Ռեզայանն ամերիկացի լրագրող է, որը պարզապես իր գործն է արել»,-ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Ավելի վաղ նրա անունից արված գրավոր հայտարարության մեջ ասվում էր, որ Վաշինգտոնը «խորապես անհանգստացած է լրագրողի դեմ Իրանի առաջ քաշած մեղադրանքներից, որոնց բնույթը դեռ պարզ չէ, և այն հանգամանքից, որ  նրան գրավի դիմաց ազատ չեն արձակել»:

 

«Բացի այդ, մենք խորապես անհանգստացած ենք այն տեղեկություններից, որ Ջեյսոնին թույլ չեն տվել շփվել փաստաբանի հետ: Դա ինչպես Իրանի օրենքների, այնպես էլ միջազգային նորմերի խախտում է», -նշել է Քերին:

 

Նրա խոսքով՝ «Ջեյսոնն Իրանի ազգային անվտանգությանը վտանգ չի ներկայացրել»: ԱՄՆ պետքարտուղարն Իրանին կոչ է արել չեղարկել մեղադրանքն ու ազատ արձակել ամերիկացի լրագրողին:

 

Նա ձերբակալվել էր հուլիսին, իսկ երեկ նրան պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել:

 

Ռեզայանը Թեհրանում ամերիկյան պարբերականի թղթակիցն է եղել 2012թ.-ից: Նա ունի ամերիկյան և իրանական քաղաքացիություն: Նրա կինն Իրանի քաղաքացի է:

Նույն շարքից