Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից խորհրդարանին է ներկայացվել լրատվամիջոցների մասին օրինագիծ, որով նախատեսվում է դադարեցնել այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք մեկ տարվա ընթացքում դատարանի վճռով ենթարկվել են պատասխանատվության: Փորձագետները քննադատորեն եմ մոտեցել այս որոշմանը, իսկ ոմանք այն համարել են հակասահմանադրական:
Մեդիափորձագետ Ալեսքեր Մամեդլին այս քայլը բնութագրում է լրատվամիջոցների մասին օրենքի ու մարդու իրավունքների ոտնահարման եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում: Փորձագետը նշում է, որ մեկ կամ երկու անգամ պատասղանատվության ենթարկված լրատվամիջոցը դատարանի վճռով արդեն կրել է իր պատիժը, ուստի կրկնության դեպքում՝ հերթական անգամ կարող է պատասխանատվության ենթարկվել:
Նրա խոսքերով, նոր օրինագիծը սահմանափակում է լրատվամիձոցների գործունեությունն ու միջազգային ասպարեզում գցում Ադրբեջանի վարկանիշը:
«Yeni Nasil» լրագրողական միության ղեկավար Արիֆ Ալիեւի կարծիքով օրինագիծը հետապնդում է հոգեբանական ներգործություն, ուստի վերեւները կարող են բազմաթիվ անգամներ պատասխանատվության ենթարկել իրենց չսատարող լրատվամիջոցներին՝ հոգեբանորեն ճնշելով ու վերահսկելով նրանց:
Իր հերթին «Ազադլիգ» թերթի խմբագիր Պովշան Հաջիբեյլին գտնում է, որ այս օրինագիծն ուղղված է հենց իրենց թերթին, քանի որ իրենց խմբագրությունը պարբերաբար ենթարկվում է ճնշումների, դատական տուգանքների, եւ որ իշխանությունների նպատակն է դադարեցնել հրատարակության գործունեությունը:
Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների » միջազգային կազմակերպությունը, իր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում Ադրբեջանին դասում է լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտող ամենառեակցիոն պետությունների շարքը: c