Իրավական 

Հարցաքննվել է Հրանտ Դինքին սպառնացած փոխնահանգապետը

analitik.am

«Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում Ստամբուլի նահանգապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Էրգուն Գյունգյորը դատախազությունում ցուցմունք է տվել:

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, հարցաքննությունը տևել է 2 ժամ:

 

Գյունգյորը 2004թ.-ին Հրանտ Դինքին կանչել էր նահանգապետարան ու հանդիպում էր ունեցել հետը: Ավելի ուշ պարզվել էր, որ հանդիպմանը ներկա էին եղել Թուրքիայի հատուկ ծառայությունների երկու աշխատակից:

 

Գյունգյորը սպառնացել էր Դինքին: Վերջինս էլ իր սպանությունից օրեր առաջ գրել էր հանդիպման ու ստացած սպառնալիքների մասին՝ հոդվածը վերնագրելով «Ինչո՞ւ թիրախ դարձա»:

 

Հոդվածում Դինքը պատմել էր, թե ինչպես է նահանգապետարանից զանգ ստացել ու կանչվել հանդիպման: Այնտեղ նրան փոխնահանգապետը սիրալիր ընդունել ու նույն կերպ հասկացրել էր, որ «ավելի ուշադիր լինի լրագրության ասպարեզում», քանի որ եթե անգամ «իրենք լավ են հասկանում Դինքի բարի մտադրությունները», երկրում շատ մարդիկ կան, որ ճիշտ չեն հասկանա և «չգիտես, թե ինչ կպատահի»:

 

Դինքն իր հոդվածը եզրափակել էր այսպես. «Խոսակցության ընթացքում պարզ էր, թե ինչ նպատակով էին ինձ այնտեղ կանչել: Տեղս պետք է իմանայի, ուշադիր պետք է լինեի…Թե չէ լավ չի լինի»:

 

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարին։ 

Նույն շարքից