Իրավական 

Մարդու իրավունքներն այս կամ այն չափով խախտվում են բոլոր երկրներում. ՀՀ ԱԺ պատգամավոր

analitik.am

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այն կարծիքին է, որ մարդու իրավունքները այս կամ այն չափով խախտվում են բոլոր երկրներում, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում: Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում պատգամավորն ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով իդեալական երկիր չկա և բոլոր երկրներում էլ մարդու իրավունքները խախտվում են: «Երբ ես լրագրող էի, մի առիթով հնարավորություն ունեցա հանդիպել տարբեր երկրների օմբուդսմենների հետ, և այդ ժամանակ ես նրանց ասում էի, որ իրենց երկրներում մարդու իրավունքների նկատմամբ խախտումներ չեն լինում, իսկ մեր երկրում դրանք շատ են: Եվ այդ ժամանակ նրանք ինձ հորդորեցին նման բաներ չասել, քանի որ մարդու իրավունքները խախտվում են բոլոր երկրներում: Եվ իսկապես այդպես է»,-նշեց Եսայանը:



Նա ընդգծեց, որ այդ ժամանակ Լեհաստանի օմբուդսմենն ասել է, որ Լեհաստանում, երբ ոստիկանը քաղաքացու հեծանիվը տանում է այն սխալ կայանելու համար, դա իրենց համարվում է մարդու իրավունքների խախտում: «Ես շատ կցանկանայի, որպեսզի մեր երկրում էլ մարդու իրավունքների խախտումները լինեին այնպիսիք, ինչպես սխալ կայանած հեծանիվը տանելն է, քան այն խախտումները, որ այսօր կան մեր երկրում»,- ընդգծեց պատգամավորը:



Պատգամավորի դիտարկման հետ համաձայնեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ժառագնություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Ես համաձայն եմ, որ իդեալական երկրներ այս առումով չկան: Որպես վառ օրինակ կարող եմ բերել ԱՄՆ կոնգրեսի կողմից հրապարակված զեկույցը մարդու իրավուքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ նշվում է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո բանտերում 119 մարդ կտտանքների է ենթարկվել: Եվ ցավալի է, որ ԱՄՆ-ի նման երկրում նման բան է տեղի ունենում»,- ընդգծեց Արզումանյանը:



Ալեքսանդր Արզումանյանը նաև կարծիք հայտնեց, որ մեծ երկրներում մարդու իրավունքների խախտումներն ավելի շատ են, քան փոքր երկրներում:



Ազգային ժողովի  մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ: Բանաձևով սահմանվում են քաղաքական բանտարկյալ ձևակերպման չափանիշները:

Նույն շարքից