Իրավական 

Լևոն Հայրապետյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. փաստաբան

analitik.am

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը չի ներկայացել Մոսկվայի Բասմանի դատարան՝ իր տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նիստին մասնակցելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Դատարանում հայտնի է դարձել, որ նա գտնվում է հիվանդանոցում։ Փաստաբանի խոսքով՝ Հայրապետյանը հոսպիտալացվել է միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ։ Դա, ըստ փաստաբանի, այն հիվանդությունների ցանկում է, որոնք խոչընդոտում են քննչական մեկուսարանում գտնվելուն։

 

Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը կքննվի առանց նրա մասնակցության։ Գործարարի փաստաբանը ներկայացրել է նրա դիմումը, որում Հայրապետյանը դեմ չէ, որ գործը քննվի առանց իրեն։

 

Քննիչը խնդրում է երկարաձգել գործարարի կալանքը մինչ 2015թ. ապրիլի 19-ը՝ պահպանելով նախկինում հաստատված բոլոր սահմանափակումները։ Քննիչը բացատրել է, որ այժմ գործի շրջանակում կա 3 մեղադրյալ, սակայն այդ ցուցակը կարող է ընդլայնվել։

 

«Ես այժմ նպատակահարմար չեմ համարում խոսել այն մասին, թե ով կարող է ներգրավվել գործում որպես մեղադրյալ»,- նշել է նա։

 

Հայրապետյանի նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք առավել ծանր հանցագործությունների համար։

Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։

Նույն շարքից