Իրավական 

Հայաստանում առանց քաղաքական տանիքի էլ կարելի է բիզնես հիմնել. ՄԻՊ

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2014 թվականին չի ստացել բիզնեսը խլելու կամ դրանում փայատեր դառնալու վերաբերյալ բողոքներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: «Շատ առասպելներ եմ լսել Հայաստանի տնտեսության և տնտեսավարողների մասին, 2014-ին մենք ստացել ենք տնտեսական իրավունքների մասին բազմաթիվ դիմումներ, գաղտնի բողոքներ, բայց որոնցում ձեր ասածները (փայ մտնել, տնտեսական ռեկետի ենթարկել` հատված լրագրողի հարցից-հեղ.) չկան, դրանք սուտ են: Նման խոսակցությունները վարկաբեկում են ներդրումային միջավայրը: Բիզնես սկսելու համար Հայաստանում քաղաքական տանիքի հարց չի առաջանում: Ես կարող եմ հայտարարել, որ Հայաստանում առանց տանիքի շատ էլ լավ կարելի է բիզնես անել, դրա ապացույցն են տասնյակ, հարյուրավոր բիզնեսները»,-ասաց ՄԻՊ-ը:


Կարեն Անդրեասյանի խոսքով` ներդրումային միջավայրը լավացել է` անկախ նրանից, որ ներդրումներն են պակասել: «Երբ միջավայրը վատն է լինում, ներդրումները սկսում են քչանալ, կամ միջավայրը վատը չի լինում, սկսում են վարկաբեկել միջավայրը: Ներդրողները, չիմանալով ճիշտ է այդ ամենը, թե հերյուրանք, սկսում են հեռանալ: Շատ հնարավոր է ունենալ լավ միջավայր, բայց այդ ընթացքում չունենալ ներդրողներ, այսինքն` պատճառահետևանքային կապը և ժամանակագրությունը շատ տարբերվում են»,-նշեց նա:


Դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կազմակերպել էր Տնտեսական իրավունքների համաժողով:

Նույն շարքից