Իրավական 

Հանվեց տաքսիների դեղին համարանիշի պահանջը

analitik.am

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ՀՀ-ում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման նոր կարգը:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ դրա նպատակն է պարզեցնել լիցեզնավորման գործընթացը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման հնարավորությունը վերապահել նաև ֆիզիկական անձանց: Գործող օրենսդրությամբ գործունեությունը կարող էին իրականացնել միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:


«Հստակեցվել են մարդատար տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, ավելացվել է նաև գնացուցակի հրապարակման անհրաժեշտության պահանջը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացմանը: Նոր կարգով հանվել են ավտոմոբիլների կայանատեղերի առկայության, մարդատար տաքսի ավտոմոբիլների ամենօրյա տեխնիկական վիճակի և վարորդների բուժզննման պահանջները, որոնք իրականում գանձվում էին և չէին իրականացվում»,- ասաց Բեգլարյանը:


Նրա տեղեկացմամբ՝  կրճատվել են նաև լիցենզիայի և ներդիրի տրամադրման ժամկետները՝ գործող 30 օրվա փոխարեն նախատեսվում է 10 աշխատանքային օր: Հանվում է նաև դեղին համարանիշների պահանջը:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց նախարարին հրավիրել ասուլիս և ավելի մանրամասն ներկայացնել հանրությանը նոր կարգի վերաբերյալ: Վարչապետն ասաց, որ ապահովագրական ընկերությունների կողմից խնդիրներ են հարուցվում տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ և ինքը ՀՀ փոխվարչապետին հանձնարարել է այդ հարցով խորհրդակցություն կազմակերպել՝ խնդիրներին լուծում տալու համար: 

Նույն շարքից