RM Sotheby’s աճուրդի տունը աճուրդի է հանել ամերիկացի երգչուհի Ջենիս Ջոփլինին պատկանած ավտոմեքենան: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
Խոսքը բաց տանիքով Porsche 356-ի մասին է: Ավտոմեքենայի վրա պատկերված է «Տիեզերքի պատմությունը» փսիխոդելիկ պատկերը: Ջոփլինի մահից հետո մեքենայի տերերը դարձել են նրա եղբայրն ու քույրը, հետո Porsche-ն վերանորոգվել է և ցուցադրվել Քլիվլենդում Ռոք-ն-ռոլի փառքի սրահում:
Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Նյու Յորքում, մեկնարկային գինը 400 000 դոլար է:
Ջենիս Ջոփլինը հայտնի է դարձել 1960-ական թթ. վերջին: Նա հանդես է եկել և´ մենակ, և´ Big Brother and the Holding Company, The Kozmic Blues Band և The Full Tilt Boogie Band խմբերի կազմում: Ջոփլինը հասցրել է 3 ալբոմ թողարկել: Նա մահացել է 1970 թ. 27 տարեկանում թմրանյութերի գերդոզավորումից:
