Մայիսի 6-ին ստացվեց Ստամբուլի Թուզլա շրջանի «Քամփ Արմեն» ճամբարի ոչնչացման աշխատանքները սկսելու մասին գույժը: Առավոտյան շինարարական տեխնիկան մտել էր «Թուզլայի մանկական ճամբար» անունը կրող որբանոցի տարածք եւ սկսել պատմական շինության ապամոնտաժումը:
Ապամոնտաժման մասին տեղեկությունից հետո արագորեն դեպքի վայր էին ժամանել քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության անդամներ, հայ գործիչներ, հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպության ներկայացուցիչներ, մեծաթիվ ակտիվիստներ: Վերջիններս կանգնել էին շինարարական տեխնիկայի առաջ՝ թույլ չտալով պատմական շինության վերջնական ոչնչացումը, թեեւ շենքի մի մասը, այնուամենայնիվ, հասցրել էին ավերել:
Մայիսից մինչ հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում «Քամփ Արմենը» փրկելու պայքարը վայրկյան իսկ չէր դադարում. ճամբարի տարածքում պարեկություն իրականացնող կամավորները թույլ չէին տալիս ջնջել հիշողությունը, որն այդքան խորն էր ավագ եւ կրտսեր սերնդի բազում ներկայացուցիչների մոտ: Անգամ որոշ թուրքական առաջադեմ լրատվամիջոցներ ու խմբեր էին բողոքի ձայն բարձրացրել՝ հայերի համար մեծ կարեւորություն ներկայացնող այդ շինությունը քանդելու դեմ:
«Քամփ Արմենը» Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին ընդունել է Ստամբուլի, Փոքր Ասիայի եւ Արեւմտյան Հայաստանի տարբեր վայրերից հայ փոքրիկների, նրանց համար օթեւան դարձել, օգնել սովորել հայերեն, առնչվել հայկական մշակույթին, պահպանել հայկական ինքնությունը: Ճամբարը ժամանակին ընդունել է նաեւ «Ակօսի» հիմնադիրներից Հրանտ Դինքին, նրա կնոջը՝ Ռաքել Դինքին, հարյուրավոր այլ հայ կարիքավոր երեխաների:
Ճամբարի կառուցումը սկսվել էր 1962 թվականին՝ հայ բողոքական եկեղեցու եւ հայ երեխաների անմիջական մասնակցությամբ՝ հետագա տարիներին ընդունելով շուրջ 1500 երեխայի: Նման կառույցը չէր կարող չհանդիպել թուրքական պետության հակազդեցությանը:
Թուրքական իշխանությունները որոշել էին փակել հայկական կառույցը դեռ 1983 թվականին: Տասնամյակներ շարունակ ճամբարը ենթարկվել է Անկարայի ճնշումներին, անգամ չի թույլատրվել այն վերանորոգել: Վերջին տարիներին լքված որբանոցը վատթար վիճակում էր, երկար ժամանակ նրա նոր տերերը փորձում էին քանդել կարեւոր այդ շինությունը՝ տեղում թանկարժեք առանձնատներ կառուցելու համար:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում