Տուլայում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 12 ուղեւորները տեղափոխվել են Տուլայի շրջանային հիվանդանոց: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով վթարված ավտոբուսի ուղեւորների հետ ժամանել է Երեւան:
Նախարարի խոսքով՝ իրենք այցելել են ՌԴ-ում մնացած բոլոր 12 վիրավորներին, որոնցից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր:
«Նրանցից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է, այսօր վիրահատվել է, կոնքի ոսկորների ֆիքսացիա է արվել, վիճակը մնում է ծանր»,- ասաց նախարարը:
Տուլայում մնացել են նրանք, որոնց տեղափոխումը ռիսկային է եղել, նրանք հիմնականում գանգուղեղային տրավմաներ ունեն, ողնաշարի, կողերի եւ կոնքերի կոտրվածքներ, պատռված բաց վերքեր, բաց կոտրվածքներ:
Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը շարունակում է մնալ Տուլայում՝ տուժածների կողքին, բոլորը խիստ հսկողության ներքո են:
Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխված ուղեւորներին, Արմեն Մուրադյանի խոսքով՝ նրանցից միայն 4-ի վիճակն է այնքան լուրջ եղել, որ պատգարակով են տեղափոխվել երեւանյան հիվանդանոցներ:
«Բոլոր այն վիրավորները, որոնք բուժօգնության կարիք ունեն, հոսպիտալացվել են, մյուսները գնացել են իրենց տները, զուտ հոգեբանորեն չենք ստիպել հիվանդանոց տեղափոխվել: Դա նրանց ցանկությունն էր»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ իրենց հետ օդանավում եղել են հոգեբաններ, ռեանիմատոլոգներ, որեւէ միջադեպ թռիչքի ժամանակ օդանավում չի գրանցվել:
Զոհվածների մարմինները եւ վիրավորների մեծ մասին նոյեմբերի 5-ի երեկոյան ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռով տեղափոխել են Երեւան։