Ադրբեջանի պաշտապանության նախարարության մամլո ծառայությունը հունվարի 31-ին հաղորդագրություն է տարածել: Դրանում նշվում է, որ մոտ 15:00-ի սահմաններում Ղազախի շրջանի սահմանային գոտում հայ զինվորականները փորձել են մաքրել ականապատված գոտին, սակայն խմբի բոլոր վեց անդամները «ոչնչացվել են»: Իսկ 12:55-ի սահմաններում Մարտունու(Խոջավենդի) շրջանում ադրբեջանցի շարքային զինվորական է զոհվել:
Թշնամու պաշտպանության նախարարության այս հաղորդագրությունը տարածել են ադրբեջանական առաջատար բոլոր լրատվական կայքերը:
Ադրբեջանը սեփական կորուստները քողարկելու համար կրկին դիմում է ապատեղեկատվության, իսկ իրականությունն այն է, որ ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված այդ քայլերը կատարվել են ի պատասխան հակառակորդի կողմից իրականացված ականանետային նախահարձակ գործողությունների: