Ռազմական 

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է 2015թ. ձմեռային ուսումնական փուլը

Զինված ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը: Ուսումնական փուլի մեկնարկը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև մեծ պատասխանատվություն է զինված ուժերի անձնակազմի համար: Այն իր հետ բերում է նոր առաջադրանքներ ու խնդիրներ: Վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Եվ, անշուշտ, այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է զինվորը, ամրապնդվում ու կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

 

Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս: Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին էլ ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը ևս մասնակցել է 2015թ. ձմեռային ուսումնական փուլի մեկնակի կապակցությամբ ԶՈւ զորամասերում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին:

Շնորհավորելով զինանձնակազմերին և նշելով, որ նախորդ ուսումանական փուլի ընթացքում թե կարգապահության, թե մարտունակության բարձրացման առումով բանակում արձանագրվել են դրական արդյունքներ` պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հույս են հայտնել, որ այս կիսամյակը իբրև նախորդների շարունակություն ևս հաջողություններով լի ու արգասաբեր կլինի:

 

Ըստ Սեյրան Օհանյանի` հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու միակ միջոցը հայկական զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է, և յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով ուսումնական գործընթացը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի հետագա բարձրացման: «Իսկ դաշարունակական գործընթաց է, որի վերջնական հանրագումարը ձևավորվում է` ելնելովյուրաքանչյուր զինծառայողի անհատական պատրաստության աստիճանից»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ չկա առավել պատվաբեր գործ, քան հայրենիքին ծառայելը:

 

Ըստ այդմ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ ԶՈւ ստորաբաժանումներն առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա: Դիմելով զինաձնակազմին` Սեյրան Օհանյանը հորդորել է գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությամբ է նաև պայմանավորված առկա հարաբերական խաղաղության հարատևությունը:

 

Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, այլև առավել կբարձրացնի զինված ուժերի մարտունակությունը` զորամիավորման ու զորամասի հրամանատարությունն էլ հավաստել են, որ ջանք ու եռանդ չեն խնայի անհրաժեշտ գիտելիքներն ու ունակությունները ենթականերին փոխանցելու համար:

Խորհրդանշական օրը կրկնակի տոն է զորամասի անձնակազմի համար. Շահագործման է հանձնվել պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Այս անգամ բնակարանամուտ են տոնել ավելի քան 40 զինծառայողներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողներին հանձնել է շինարարական արդի չափանիշներին համապատասխանող բնակարանների վկայագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային մյուս հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈւ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և արվում է ամենայն հնարավորը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Բանակային զորամիավորում կատարած շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև զորամասի հիմնովին նորոգված, նոր գույքով ու տեխնիկական միջոցներով հագեցած ակումբում:

Նույն շարքից