Վերլուծական Մամուլի տեսություն 

ԱՄՆ հակառուսական մարտավարությունն Աֆղանստանում ու Կենտրոնական Ասիայում. «Անալիտիկ» շաբաթաթերթ

«Իսլամական պետության» դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալմանը զուգընթաց կտրուկ փոփոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը: Սիրիայում Ռուսաստանի ունեցած ռազմական հաջողությունները սպառնում են ամերիկյան հեգեմոնիային, ուստի Մոսկվայի յուրաքանչյուր արդյունավետ գործողության դեմ Վաշինգտոնը փորձելու է առավել արդյունավետ հակակշիռ գործարկել: Արեւմուտքն էլ իր հերթին շարունակում է Ռուսաստանի դեմ վարել զսպող քաղաքականություն՝ վերջինիս սահմաններին կազմավորելով այսպես կոչված «սանիտարական կորդոն»:

Սպիտակ տունը փորձելու է Ռուսաստանի հարակից երկրներում քաղաքական վարչակարգերի փոփոխություններ ու հեղաշրջումներ կազմակերպել, առավել ևս, որ նման հաջողված փորձեր կան: ԱՄՆ լրտեսական ցանցի ու պրոամերիկյան ուժերի արդյունավետ ջանքերի շնորհիվ Ուկրաինայում ու Վրաստանում իշխանությունը զավթեցին հակառուսական ուժեր, որոնք էլ ակտիվորեն սկսեցին ազգայնական և հակառուսական քարոզչություն իրականացնել:

Մոսկվային, այնուամենայնիվ, հաջողվեց իր շուրջ համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մի մասին՝ ընդգրկելով նրանց տնտեսական ու ռազմական կառույցներում, որոնցում ԱՊՀ երկրներից բացի իրենց մասնակցությունն ունեն նաեւ Չինաստանն ու Հնդկաստանը:

Ռուսաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունն աստիճանաբար սկսում է տալ ցանկալի արդյունքները՝ բազմաթիվ երկրներ սկսում են բարեկամական հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ: ՌԴ-ն արդեն սերտ համագործակցություն է հաստատում Չինաստանի, Հնդկաստանի ու հարավամերիկյան երկրների հետ, ինչը, բնականաբար, առաջացնում է ԱՄՆ մտահոգությունը:

Ռուսաստանի հետագա հզորացումը կանխելու նպատակով ՆԱՏՕ-ն Ռուսաստանի արեւմտյան սահմաններին ձեռնամուխ է եղել լայնամասշտաբ զորավարժությունների իրականացմանը, իսկ Կենտրոնական Ասիայում էլ՝ ռուսական ազդեցության թուլացման գործընթացին: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն փորձ կանի Ասիայում ու Աֆղանստանում ապակայունացնել իրավիճակը՝ պետական հեղաշրջումներ կազմակերպելով:

Անժխտելի է, որ Ռուսաստանին թուլացնելու ու նրա սահմաններին լարվածություն ստեղծելու նպատակով ԱՄՆ ղեկավարությունը Ուկրաինայում հրահրեց ու անմիջականորեն կազմակերպեց պետական հեղաշրջումը: Ներկայումս, երբ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր խարխլված դիրքերը Մերձավոր Արեւելքում, ԱՄՆ-ն իր ողջ ուշադրությունը կսեւեռի Կենտրոնական Ասիայի վրա: Մասնավորապես՝ ծրագրվում է Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ ռազմական համագործակցություն հաստատել:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից