ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային համաժողովը, որին մասնակցում են շուրջ 300 պատվիրակներ Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից:
Համաժողովի բացման արարողությունը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, փակումը՝ նոյեմբերի 22-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Թատրոնի միջազգային ինստիտուտը համարվում է կատարողական արվեստների խոշորագույն ցանցը աշխարհում, իրականացնելով գեղարվեստական, կրթական ու մարդասիրական ծրագրեր: Այն միավորում է շուրջ 100 երկրների կենտրոններ և անդամ-կազմակերպություններ:
Ինստիտուտի նպատակն է խթանել միջազգային գիտելիքի փոխանակումը և թատերական արվեստի պրակտիկան, ամրապնդել ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխըմբռնումը, ինչպես նաև նպաստել թատերական արվեստի ներկայացուցիչների միջև փոխհամագործակցությանը: Կազմակերպության անդամները ներգրավված են համատեղ միջազգային նախագծերում. կազմակերպում են փառատոներ, գիտաժողովներ, սեմինարներ, ինչպես նաև զանազան միջոցառումներ՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան /մարտի 27-ին/ և Պարի միջազգային օրվան /ապրիլի 29-ին/:
Թատրոնի միջազգային ինստիտուտի անդամները երկու տարին մեկ անգամ՝ համաշխարհային կոնգրեսի շրջանակում, հավաքվում են ամփոփելու կատարած աշխատանքները և նախանշելու առաջիկա ծրագրերը: