Մշակույթ 

Օրվա ծնունդը. Հակոբ Մանանդյան

analitik.am

1873 թվականի նոյեմբերի 22-ին Ախալցխայում ծնվել է հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Համազասպի Մանանդյանը: Նա սովորել է Թիֆլիսի գիմնազիայում, Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում, էքստեռն կարգով ավարտել է Պետերբուրգի, Դորպատի համալսարանները: 1900-1905 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում: Խմբագրել է «Հայկական թերթ», «Արշալույս», «Բաքու» պարբերականները: ԵՊՀ հիմնադիրներից է, 1921-1922 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր, արեւելագիտական եւ պատմագիտական ֆակուլտետների դեկան, հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

Մանանդյանը նորագույն շրջանի հայ պատմագիտության հիմնադիրներից է եւ առաջիններից, որ զբացվել է Հայաստանի հասարակական-տնտեսական խնդիրների հետազոտությամբ: Գրել է «Հայաստանի առեւտրի եւ քաղաքների մասին…», «Տիգրան Բ եւ Հռոմը» մենագրությունները եւ «ֆեոդալիզմը Հին Հայաստանում» աշխատությունը:

1940-ական թվականներին ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի՝ մ.թ.ա.6-մ.թ.16 դարերի ամբողջական քննական պատմությունը:
Հակոբ Մանանդյանը վախճանվել է 1952 թվականին:

Նույն շարքից