Ռազմական 

ԼՂՀ ԱԺ պատգամավորներն այցելել են առաջնագիծ

analitik.am

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են հանրապետության հարավարեւելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր եւ այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Պատգամավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում եւ ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին:

Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ պահելու եւ մարտական բարձր ոգի ցուցաբերելու համար՝ խորհրդարանականները վստահեցրել են, որ առաջնագիծը շարունակելու է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորների այցերը հանրապետության սահմանային բնակավայրեր եւ առաջնագիծ տեղի են ունեցել նաեւ հոկտեմբեր ամսվա ընթացքում եւ նախատեսվում է դրանք շարունակել առաջիկայում եւս:

Նույն շարքից