Մշակույթ 

Օրվա ծնուդը. Արուս Ասրյան

analitik.am

1904 թվականի նոյեմբերի 26-ին Թիֆլիսում ծնվել է հայ դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արուս Ասրյանը: 

Պատանեկությունն  անցել է Թիֆլիսում: 1922թ., երբ դերասանուհի Օլգա Մայսուրյանը  դերասաններ էր ընտրում Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում սովորելու համար, Ասրյանը գերազանց քննություններ է հանձնել, բայց հրաժարվել է մեկնելուց ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով:

1929թ. հրավիրվել է Գյումրու նորաստեղծ թատրոն, որտեղ խաղացել է Շողակաթի դերը Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ, որը դերասանուհուն հռչակ ու ճանաչում է բերել: Այնուհետև Աճեմյանի  բեմադրած Գոգոլի «Հյուրանոցի տիրուհին» պիեսում հանդես է եկել Միրանդոլինայի դերով: 

1940թ. հրավիրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ ստեղծել է լավագույն կերպարներ, որոնց մեջ փայլել են հատկապես մայրերի և մամիկների կերպարները` Մարգարետ` «Բրոուդիի ամրոցը», Հեղինե` «Գարնան անձրև», Մարե` «Հանրապետության նախագահ», Նուբար` «Աշխարհն, այո', շուռ է եկել», Անուշ` «Պաղդասար աղբար» և Տատիկը` Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում: Կերտել է մոտ 250 դեր:
 
Հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում: 1938թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել «Քաջ Նազարը» ֆիլմում, որտեղ կերտել է Ուստիանի դերը, 1940թ.`  «Դավիթ Բեկ» ֆիլմում, որտեղ էլ մարմնավորել է սևամորթ աղախնու` Զեյնաբի դերը:
 
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և այլ մեդալներով: 1945թ. արժանացել է ՀԽՍՀ, 1972թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում՝ 1987թ.:

Նույն շարքից