Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառքի է հանվել 86-ամյա ամերիկացի գիտնական Ջեյմս Վաթսոնի մեդալը, որը նա ստացել է 1962-ին՝ ԴՆԹ-ի կառուցվածքը բացահայտելու համար։ Նրա հետ միևնույն ժամանակ Նոբելյան մրցանակ են ստացել Ֆրենսիս Կրիկը և Մորիս Ուոքինսը, գրում է Комсомольская правда-ն
ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտումը համարվում է ամենակարևոր գիտական բացահայտումներից մեկը մարդկության պատմության մեջ, և այն հաճախ համեմատում են Նյուտոնի, Դարվինի և Էյնշտեյնի բացահայտումների հետ։ Վաթսոնը մտադիր է վաճառքից ստացված գումարը փոխանցել մի քանի ամերիկյան համալսարանների և լաբորատորիաների։
Վաթսոնի մեդալն առաջինն է, որը վաճառքի է հանվել մրցանակակրի կենդանության օրոք։ Մասնագետների կարծիքով՝ այն կարող է վաճառվել 2.5-3.5 մլն դոլարով։
Տասը տարի առաջ մահացած Կրիկի մեդալը վաճառվել է նախորդ տարի՝ 2.24 մլն դոլարով։ Նրա նամակը որդուն, որում նա նկարագրում է ԴՆԹ-ի կրկնակի պարույրը, վաճառվել է աճուրդում 6 մլն դոլարով։ Այն համարվում է ամենաթանկ նամակը, որ երբևէ վաճառվել է աճուրդում։