Մշակույթ 

Մոտ 450 հազար մարդ euronews.com-ով կհետևի Խաչատրյանի անվան փառատոնի փակմանը

analitik.am

Դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգն ուղիղ եթերում կհեռարձակի euronews.com-ը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։ 



Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Եվրանյուզով համերգի ուղիղ հեռարձակման փաստը խոսում է նվագախմբի միջազգային մեծ հաջողության մասին։ «Մենք Հայաստանում ունենք շատ հարուստ մշակույթ, ասելու բան։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն ու այս համերգն ապացուցում են, որ մեր ասելիքը կարողանում ենք հասցնել մարդկանց, ովքեր Հայաստանից դուրս են»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։ 


Աննա Տեր-Հովակիմյանը, խոսելովԵվրանյուզի հետ համագործակցության մասին, նշեց, որ վերջիններս տեղեկացել էին Երիտասարդական նվագախմբի կողմից Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի համերգները առցանց հեռարձակելու նախաձեռնության մասին, և նրանց ներկայացուցիչները ժամանել էին Հայաստան՝ պայմանավորվածություն ձեռք բերելու, որպեսզի փառատոնի փակման համերգը ցուցադրվի euronews.com կայքում։ «Մեծ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել, որովհետև Եվրանյուզն ունի հստակ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում միայն կարող են հեռարձակում կատարել իրենց կայքում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կարողացավ շատ արագ այդ ամենը կազմակերպել, և այսօր տեղական ժամանակով 19.00, իսկ եվրոպական ժամանակով 16.00 կսկսվի հեռարձակումը Հայաստանից։ Կանխատեսվում է, որ համերգն առցանց դիտելու է 450-500 հազար մարդ։ Ուրախալի է, որ տարածաշրջանում առաջինը հենց Հայաստանն ու Արամ Խաչատրյանի անվան փառատոնն են, որ ներկայանալու են նման մեծ լսարանի առջև»,- նշեց Աննա Տեր-Հովակիմյանը։


Լրագրողի հարցին՝ ինչով էր պայմանավորված Երիտասարդական նվագախմբի համերգի ընտրությունը Եվրանյուզի կողմից, Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ եվրոպացի գործընկերները հետևել են Երիտասարդական նվագախմբի՝ ՎիվաՍելլ ՄՏՍ-ի աջակցությամբ առցանց հեռարձակվող համերգներին, տեսել են դրանց տեխնիկական և գեղարվեստական որակը և որոշել, որ հենց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթը կարող է ցուցադրվել Եվրանյուզի կայքով։

Նվագախմբի տնօրենն ընդգծեց նաև, որ այսպիսով սկիզբ է դրվում Երիտասարդական նվագախումբ-Եվրանյուզ համագործակցությանը. «Արդեն նախանշված են հետագա ծրագրերը։ 2015-ին պլանավորվում է մի քանի միջոցառում հեռարձակել։ 2015-ը հայերիս համար կարևոր տարի է։ Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ տեղեկանան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։ Եվ կարծում եմ՝ մենք դեռ կունենանք միացումներ Եվրանյուզին, ինչը շատ կարևոր է»։


Ասուլիսի բանախոսները տեղեկացրին, որ 2013թ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ունեցել է 57, իսկ 2014-ին՝ 73 համերգ։


Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը նվիրվում է XX դարասկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր գործիչներից Արամ Մանուկյանի 135-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, մենակատար՝ Մայու Կիշիմա (ջութակ/Ճապոնիա), Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 3-ը, Արամ Խաչատրյանի Ձոն ցնծության մեցցոսոպրանոյի, տավիղների անսամբլի, ջութակահարների անսամբլի, երգչախմբի և նվագախմբի համար, մենակատար՝ Մարինա Դոմաշենկո (մեցցո սոպրանո/Ռուսաստան)։ Երեկոյի ընթացքում հանդես կգա նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը։

 

 

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից