Մշակույթ 

«Հայկական տուն» մրցույթը դուրս է եկել Հայաստանի սահմաններից

analitik.am

Դեկտեմբերի 1-ին ավարտվել է դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՀ քաղաքաշինության նախարարության հայտարարած «Հայկական տուն» ճարտարապետական մրցույթին մասնակցության հայտերի ընդունումը:   

 

Մրցույթի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում անհատական բնակելի տների շինարարության խթանումը, հանրապետության տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային-կենցաղային ավանդույթներին և պատմականորեն ձևավորված ճարտարապետական կերպարին ու գեղագիտական հատկանիշներին բնորոշ, տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ, բնակելի տների տարբեր տիպերի նախագծային առաջարկների մշակումը:

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանի տեղեկացմամբ ծրագրի շրջանակներում ներկայացվել է 6 հայտ այդ թվում մեկը` Կանադայից: Հայտերը ներառում են 10-ից ավելի տիպային նախագծեր: Նախագծերը տարբեր են և բազմազան` ավանդական տուֆից մինչև սալիկներով երեսպատված, 1-2 հարկանի, նկուղային և մանսարդային հարկերով:

 

Հարկ է նշել, որ ներկայացված բոլոր աշխատանքներում հաշվի են առնվել տարածաշրջանին հատուկ կլիմայական և լանդշաֆտային առանձնահատկությունները: Նախագծեր են մշակվել ինչպես հարթավայրային, այնպես էլ՝ Հայաստանի հյուսիսային տարածաշրջանների համար:

 

Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 12-ին, մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունների հիման վրա:

 

 

 

Նույն շարքից