Մեր օրերում գրքերի այնքան մեծ բազմազանություն կա, որ չես էլ կողմնորոշվում, որը կարդալ: Հաճախ ժամանակն էլ չի հերիքում գիրք կարդալու համար: Որպեսզի հասկանաք, թե ինչ գրքեր կարդալ, նախ հասկացեք, թե ինչի համար եք ուզում դրանք կարդալ: Եթե ուզում եք ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել ու հանգստանալ, կարդացեքգեղարվեստական գրքեր: Եթե ուզում եք նոր բարձունքների հասնել մասնագիտության մեջ, կարդացեք մասնագիտական գրքեր: Եթե ուզում եք հասնել ֆինանսական անկախության, կարդացեք գրքեր ֆինանսների մասին: Հիշեք` դուք ստանում եք այն, ինչ կարդում եք:
Թղթե, թե՞ էլեկտրոնային
21-րդ դար… ինտերնետ… էլեկտրոնային գրքեր: Էլեկտրոնային գրքերն այսօր շատ տարածված են: Կան երկրներ, որտեղ ավելի շատ գնվում են գրքերի էլեկտրոնային, քան դրանց թղթե տարբերակները: Էլեկտրոնային գիրքն իհարկե չունի թղթի հոտը, որն ունեն սովորական գրքերը: Դրանք չես կարող շոշափել, թերթել և էջանիշ դնել, ինչպես մենք դա անում էինք դպրոցում: Բայց էլեկտրոնայինը նույնպես ունի մի շարք առավելություններ: Նախ, դրանք հնարավոր է անվճար գտնել, հնարավոր է վայրկյաններում գտնել ինչ-որ գիրք աշխարհի մյուս ծայրում, հնարավոր է մեկ համակարգչում հազարավոր գրքեր պահել և հեշտությամբ դրանք տեղափոխել: Իսկ թե ինչպիսի գրքեր կարդալ, որոշեք ինքներդ: Օրինակ, էլեկտրոնային գրքերը կարդալուց շատ մարդկանց աչքերը հոգնում են և նրանք չեն կարողանում երկար կարդալ: Այդ պատճառով, որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, թղթից ավանդական տարբերակը շատերի մոտ մնում է առաջնայինը: Բայց եթե դուք նման խնդիր չունեք, ապա հանգիստ կարող եք կարդալ նաև էլեկտրոնային գրքեր, վերջիվերջո կարևորը բովանդակությունն է: