Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը շատ է կարևորում իր սաների անմիջական շփումը նշանավոր արվեստագետների, կոմպոզիտորների հետ և որպես ավանդույթ, յուրաքանչյուր տարի, իր հարկի տակ է հյուրընկալում նրանցից մեկին: Նման հանդիպումները, ըստ դպրոցի տեսական բաժնի ուսուցչուհի Նաիրա Գրիգորյանի, կարևոր են երեխաների գեղագիտական դաստիարակության համար, քանի որ երեխան «ոչ միայն պետք է սովորի տվյալ արվեստագետի երաժշտությունը, այլև ճանաչի նրան »:
Այս անգամ դպրոցի պատվավոր հյուրն էր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր` Գագիկ Հովունցը: Երեկ, աշակերտ- արվեստագետ հանդիպման ջերմ մթնոլորտում, Հովունցը խոսեց իր անցած տարիներից, նախասիրություններից, պատասխանեց փոքրիկ երաժիշտների հարցերին: Միջոցառման ընթացքում հնչեցին կոմպոզիտորի դաշնամուրային կատարումները:
Գագիկ Հովունցի երաժշտական դաստիարակության, ինչպես նաև կրթության մեջ, մեծ դերակատարում են ունեցել ոչ միայն իր դասատուները, այլև անվանի երաժիշտ կատարողները, ում ունկնդրել է դեռ մանուկ հասակից: Մաեստրոյի խոսքով, երեխան մշտապես երաժշտության, սոլֆեջոյի մեջ է` «Մի լավ բան է տեսնում կամ լսում` արդեն սոլֆեջո է»,-կարծում է նա` ում խոսքով, իր դժվարին կյանքում, երբ ուսման հնարավորությունը սուղ էր և եղել են պահեր, երբ կարող էր թողնել երաժշտությունը, հաղթահարել է այն` մնալով երաժշտության հետ: Իսկ առհասարակ, մեծ արվեստագետը համոզված է, որ մարդ պետք է սիրի իր գործն ու գործիքը, դարձնի այն իր համար ապրելու միջոց, այլապես ամեն ինչ անիմաստ կդառնա:
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը ևս ողջունեց իր հյուրին. «Այս մարդը չի դադարում ինձ հիացնել և զարմացնել. Միայն այն, որ Գագիկ Հովունցն իր անհամեստ ժառանգության համեմատ այդքան համեստ է, արդեն արժանի է հիացմունքի: Իր երաժշտությունը հարյուրամյակներ կխոսի դեռ: Կանցնեն տասնամյակներ, մենք չենք լինի, իսկ այստեղ գտնվող երեխաները հպարտորեն կասեն, որ շփվել են նշանավոր արվեստագետ Հովունցի հետ, տեսել նրան…Այսօր իր օրն է, և փոխանակ իրեն գովաբանելու , խոսում է ուրիշների մասին, գովաբանում ուրիշ երաժիշտներին: Երանի Գագիկ Հովունցն իր կերպարով վերջինը չլիներ մեր իրականությունում: Վերագնահատենք և արժևորենք նրա ստեղծածը»,-եզրափակեց դպրոցի տնօրենը:
Գագիկ Հովունցը ծնվել է 1930 թ. Երևանում: 1939-ի ընդունվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը` Վերոնիկա Աշխարումյանի ջութակի դասարանը: Յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո Հովունցը տեղափոխվել է Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոց: Մինչև ուսման վերջ Հովունցը սովորել է Դոմբանի դասարանում: 1954 թ. կոմպոզիտորն ավարտել է կոնսերվատորիան որպես ջութակահար, այնուհետև, 1957-ին, Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանը: Հովունցի պրոֆեսիոնալ կոմնորոշման տարիները սկսվում են 1960 թվականից:
Հավելենք` Հովունցի բազմաժանր ժառանգության մեջ մեծ տեղ են գտել բացառապես գործիքային ստեղծագործություններ, որոնցից են երեք «Ինվենցիոն ցիկլերը»` սինֆոնիկ նվագախմբի համար, կոնցերտային ինվենցիաները դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտները` ջութակի, թավջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար և մի շարք այլ ստեղծագործություններ: Գագիկ Հովունցը հեղինակ է նաև կնոերաժշտության, որոնց թվին են պատկանում «Հանդիպում ցուցահանդեսում», «Ձախորդ Փանոսը», «Ավետիք Իսահակյան»:
Հանդիպման ավարտին մաեստրոն դպրոցին նվիրեց իր ստեղծագործությունների ժողովածուները և ձայնասկավառակները:
Հասմիկ Մովսիսյան