Դեկտեմբերի 13–ին Ֆրանսիայի Պուատիե նահանգի Լուսինյան քաղաքում տեղի ունեցավ Հայոց վերջին թագավոր Լևոն V-ի (հայկական պատմագրության մեջ հիշատակվում է նաև որպես Լևոն VI), Ֆրանսիայի ազատության համար ընկած մարտիկների և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման և օծման արարողություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը։ Հանդիսությանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան–Միշել Կլեմանը, Պուատիեի նահանգային խորհրդի նախագահ Քլոդ Բերթոն, Լուսինյանի քաղաքաքապետ Ռենե Ժիբոն, Ֆրանսիայից ու հարակից երկրներից ժամանած հարյուրավոր հայեր, հյուրեր։
Հայկական տուֆից քանդակված խաչքարը տեղադրվեց Լուսինյանի քաղաքապետարանի, «Արարատ» ասոցիացիայի, «Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադիրների ասոցիացիայի» և Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի համատեղ ջանքերով, իսկ օծման կարգը կատարվեց Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից, աղոթեց նաև Եվրասիայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը։ Այնուհետև ծաղկեպսակ դրվեց խաչքարի մոտ:
Իրենց ողջույնի խոսքում Ժան–Միշել Կլեմանը և Քլոդ Բերթոն բարձր գնահատեցին հայ համայնքի դերը Ֆրանսիայի կյանքում, հայ–ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։ Քաղաքապետ Ռենե Ժիբոն նշեց, որ Լուսինյանը հայկական արմատներով ֆրանսիական քաղաք է, որտեղ այցելող հայերը այսուհետ իրենց պետք է տանը զգան։
Նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով և խորհրդանշական համարելով խաչքարի տեղադրումը Ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին, նշեց,- «Պահը պատմական է, բարոյական է, քաղաքական է և ազգային է։ Քաղաքի այցելուին Խաչքարը կհիշեցնի հինգ կարևոր փաստ՝ այն, որ հայերը հազարամյակների պատմություն ու Կիլիկյան թագավորություն են ունեցել, մեր Կիլիկիայի վերջին թագավորը Լևոն V-ն է, ով իր վերջին հանգրվանն է գտել Ֆրանսիայում, խաչքարը նվիրված է նաև Ֆրանսիայի ազատագրման համար զոհված հայ մարտիկներին, ովքեր խաղաղություն, ազատություն պարգևեցին այս հրաշալի երկրին, այն մարմնավորում է հայ–ֆրանսիական դարավոր բարեկամությունը և, ի վերջո, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ընդամենը ամիսներ հետո առաջադեմ մարդկության հետ մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը և հայտարարելու ենք` «Հիշում եմ և պահանջում»: Թուրքը պետք է իմանա, որ մենք չենք լռելու, մենք պահանջելու ենք, որ ճանաչի հայ ժողովրդի և մարդկության դեմ գործած իր աննախադեպ ոճրագործությունը, փոխհատուցի և հետևանքները վերացնի»։