Վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:
Կարեն Ջանգիրովը ծնվել է 1948թ. մարտի 15-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1982թ-ից աշխատում էր Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե` «Թագավորը մահանում է», Անցորդ` «Բալենու այգի», Բազիլ` «Ֆիգարոյի ամուսնությունը», Սերեբրյակով` «Քեռի Վանյա», Վիրտուոզ` «Ավտոբուս», Ալֆրեդ Իլ` «Ծեր տիկնոջ այցը» և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների` «Լավագույն դերասան» և այլն:
1972թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արևիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» և այլն: 1975թ. «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է Ստանիսլավսկու և Վախտանգովի հիմնադրամի գլխավոր մրցանակին, 2008թ.` ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: