Իմ ընտանիքը, ինչպես եւ շատ հայ ընտանիքներ, վստահ է, որ կրթությունն ամեն ինչի հիմքն է. տնտեսական հաջողության, հասարակության նորացման: Այս մասին մարտի 11-ին կայացած համաժողովի ժամանակ, որը նվիրված էր «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի իրականացմանն ու «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկին, հայտարարեց Երեւանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
«Ինձ համար Համաշխարհային բանկի բոլոր նախագծերի շրջանում առանձնահատուկ տեղ է գրավում կրթության ոլորտում կատարվող աշխատանքը»,- ընդգծեց Բեյլին: Նա Հայաստանին եւ համաժողովին ներկա կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին շնորհավորել է «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի հաջորդ փուլ անցնելու կապակցությամբ, որը որոշակի առանցքային նպատակներ ունի, որոնք կիսում է նաեւ ՀԲ-ն:
«Այս նախագիծը եւ ձեր ջանքերը, հաջողության դեպքում, կարող են դրական օրինակ հանդիսանալ ամբողջ աշխարհի համար: Հայաստանը կարող է կիսել իր փորձն այլ երկրների հետ»,- ամփոփեց Լորա Բեյլին:
Նշենք, որ կրթության ոլորտում բարեփոխումները շարունակելու նպատակով Հայաստանի կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Համաշխարհային բանկի հետ՝ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացման համար: Այն երկու նպատակ է հետապնդում. կրթության որակի հետագա բարելավում եւ մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանում: