ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց օրերս Նախագահի հետ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պատասխանատուների հետ հանդիպման մանրամասները` այն որակելով կառուցողական:
«Հանդիպումը Նախագահի հետ, ընդհանուր առմամբ, կառուցողական էր և տարբերվում էր նախորդ նմանատիպ հանդիպումներից, երբ առաջ քաշված սուր հարցերը արժանանում էին բանավեճերի, այս անգամ բոլոր առումներով կառուցողական խոսակցություն ձևավորեց»,-ասաց նա:
Ըստ գիտնականի՝ երիտասարդ գիտնականները բավական լավ պատրասված էին։ «Ավելի շատ առաջադրում էին կարևորագույն խնդիրներ»,- ասաց նա և թվարկեց վեր բարձրացված հարցերը. առաջինը 2010 թ-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրին է վերաբերվել, որի ֆինանսավորումը ՀՆԱ-ի 1,9 տոկոսը պետք է կազմեր, որը, սակայն, այսօր մոտ տասն անգամ ավելին է:
«Նախագահին ասվեց, որ անցել է 5-6 տարի՝ ծրագրի իրականացման ժամանակաշրջանի մոտ կեսը, և որևէ քայլ չի արվել, զրոյական առաջխաղացում է և ի սկզբանե պարզ էր, որ ծրագիրը տապալված է»,- ասաց նա:
Հարցադրումներ են եղել նաև գիտության ոլորտին վերաբերող մայր օրենքի թերի լինելու մասին, նաև գիտնականների աշխատավարձի հարցն է բարձրացվել, կրկին հիմնավորմամբ, որ ըստ ԱՊՀ անդամ երկրների միջպառլամենտական ասամբելայի կողմից ընդունված որոշման, չի կարող գիտնականի աշխատավարձը ցածր լինել միջին աշխատավարձից, այնինչ երկու անգամ պակաս է:
Նաև առաջարկ է եղել «Հայաստան» հիմնադրամի և նման հեռուստամարաթոնների ժամանակ հավաքված միջոցների մի մասն ուղղել գիտության ոլորտին։