Գիտություն 

ՀՀ ԿԳ նախարարը պարգևատրել է ուսանողական մարզախաղերի շրջանակում անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին

analitik.am

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատվոգրեր և մեդալներ է հանձնել շախմատային մրցաշարի հաղթողներին, որն անցկացվել է Հանրապետական XVI մարզական ուսանողական խաղերի շրջանակում։ Խաղերը կտևեն մինչև տարեվերջ։



Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայի վարչության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, Հանրապետական մարզական խաղերի ծրագրում ներառված է 10 մարզաձև։



«Մրցումներին կմասնակցի ավելի քան 3000 ուսանող Երևանից և մարզերից։ Ինչ վերաբերում է ներբուհական փուլերին, ապա դրանց կմասնակցի ավելի քան 10000 մարդ։ Իսկ շախմատային մրցաշարին մասնակցել է  կանանց 10և  տղամարդկանց 14 թիմ` տարբեր բուհերից», – նշեց Գաբրիելյանը։



Նրա խոսքով` մարզական խաղերի նպատակն է բարձրացնել ուսանողների ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև բացահայտել լավագույն ուսանող մարզիկներին և բուհական թիմերին։



«Հոկտեմբերի 6–11–ը Երևանում կանցկացվի Շախմատի եվրոպական համալսարանական առաջնությունը, և այսօր մրցաշարում հաղթած թիմերը հնարավորություն կունենան մասնակցել այդ առաջնությանը», – ասաց Գաբրիելյանը։


 

«Այս տարի մենք ավելի քան 7–7,5 մլն դրամ կհատկացնենք մարզական խաղերի անցկացմանը` դրանք իսկապես տոնական դարձնելու համար», – նշեց նախարարը։

Նույն շարքից