Գիտություն 

NASA-ն մտադիր է 2025թ.–ին առաջին անգամ օդագնացներ ուղարկել աստերոիդի ուղղությամբ

Ամերիկյան աերոտիեզերական վարչությունը (NASA) նախատեսում է 2025թ.–ին առաջին անգամ օդագնացներ ուղարկել աստերոիդի ուղղությամբ` դրա շարժման ուղղությունը փոխելու հնարավորությունն ուսումնասիրող գիտական առաքելության շրջանակում, լրագրողներին է տեղեկացրել NASA–ի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Լայթֆուն, գրում է ՌԻԱ Նովոստին։



NASA–ի ծրագրերի համաձայն` սկզբում ծրագրում են տիեզերական ռոբոտ ուղարկել։ Այն պետք է հատուկ մանիպուլյատորի օգնությամբ գլաքար վերցնի աստերոիդի մակերեսից, որը շարժվում է երկրագնդի ուղեծրով և տեղափոխի այն Լուսնի վրա։ Ռոբոտը նախատեսվում է գործարկել 2020թ.–ին։ Ըստ մասնագետների հաշվարկի` ճանապարհը դեպի կայուն լուսնային ուղեծիր կտևի մոտ վեց տարի։ Միայն 2019թ.–ին պարզ կլինի, թե կոնկրետ որ աստերոիդի ուղղությամբ է թռչելու АRМ առաքելությունը։ Այժմ NASA-ն դիտարկում է Itokawa, Bennu և 2008 EV5 աստերոիդները։



«Աստերոիդից գլաքար վերցնելու հնարավորությունն անմիջական ազդեցություն կունենա մեր անելիքների վրա, թե ինչպես ենք ծրագրելու անձնակազմի ապագա թռիչքները դեպի հեռավոր տիեզերք` դրանով նոր դարաշրջան կսկսենք տիեզերքի ուսումնասիրման ոլորտում», – առաքելության մեկնարկի կապակցությամբ հայտարարել է NASA–ի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Լայթֆուն։



Հետագա ծրագրերի համաձայն` Orion տիեզերանավով օդագնացների առաջին թռիչքը տեղի կունենա 2025թ.–ից ոչ շուտ։ Տիեզերանավը ծայրակցում կիրականացնի АRМ սարքի հետ։ NASA–ում ընդգծում են, որ այդ թռիչքը կդառնա մարդու` տիեզերք կատարած ամենահեռավոր թռիչքը։ Նախատեսվում է, որ երկու օդագնացներից բաղկացած անձնակազմը աստերոիդի ուղեծրում կանցկացնի 24–25 օր, ինչից հետո կվերադառնա Երկիր մոլորակ` իր հետ բերելով տիեզերական մարմնի նմուշ հետագա հետազոտության համար։



NASA–ում ընդգծում են , որ АRМ առաքելությունը, որի արժեքը գերազանցում է 2,6 մլրդ դոլարը, կարևոր քայլ կդառնա Մարս մոլորակի ուսումնասիրության ծրագրի և դեպի Կարմիր մոլորակ թռիչք իրականացնելու գործում։




Նույն շարքից