Մշակույթ 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներ կտա Լեհաստանում եւ գերմանիայում

analitik.am

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, մինչեւ տարեվերջ՝ նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-ին եւ 3-ին հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում եւ Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում (2 համերգ): Միայն վերջին 2 տարում 5 շրջագայությամբ եղել է Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Լիբանանում:

 «Այսօրվա աշխարհը լի է անտարբերությամբ եւ դաժանությամբ: Մեղմ եւ դրական մթնոլորտ, հաճելի տրամադրություն ստեղծելու գործում անչափ կարեւոր է արվեստի դերը: Երաժիշտը, արվեստագետը չպետք է ծանրաբեռնված լինեն տարբեր հոգսերով՝ իրենց առաքելությունը լիարժեք իրականացնելու համար: Դասական երաժշտությունը, որը ներկայացնում է այս նվագախումբը, պետք է կատարողների սրտից հասնի յուրաքանչյուր ունկնդրի հոգուն: Նրանցից յուրաքանչյուրը պետք է դառնա հասարակությանը մարդկային լավ որակներ փոխանցող, բարձր արժեք թելադրող եւ կրթող դեսպան: Արդեն վեց տարի մենք աջակցում ենք այս նվագախմբին՝ նրանց դիտարկելով որպես այդ առաքելությունն իրականացնող պատվիրակների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընթացիկ տարվա գարնանը նվագախումբը հյուրընկալվել է Ֆինլանդիայի Տամպերե, Դանիայի Կոպենհագեն եւ Օլբորգ քաղաքներում, ապա՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Իսկ Վաշինգտոնի, Լոս Անջելեսի եւ Մեխիկոյի ամենահեղինակավոր համերգասրահներում ներկայացել է Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգաշարով՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը եւ քննադատների բարձր գնահատանքին: Ուշագրավ իրադարձությունների շարքում է նաեւ հանրահայտ «Բեյթեդին» արվեստների փառատոնում նվագախմբի ելույթը:

Մինչեւ տարեվերջ՝ նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-ին եւ 3-ին ֆիլհարմոնիկը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում եւ Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում (2 համերգ): Ծրագրում ներառված են Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչիոն», Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը եւ Չայկովսկու թիվ 1 եւ թիվ 6 սիմֆոնիաները: Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը եւ դաշնակահարուհի Սոֆիա Պաչինին (Գերմանիա): Հյուրախաղային այս ծրագիրը նոյեմբերի 26-ին կներկայացվի նաեւ Երեւանում: Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտի կատարմամբ հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, երիտասարդ դաշնակահար Կարեն Հակոբյանը (ԱՄՆ):

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բոլոր շրջագայությունները կայացել են ՀՀ Կառավարության, Մշակույթի նախարարության եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Ի տարբերություն ժամանցային եւ մեդիա-ինդուստրիայի միջոցով լսարանին հասանելի էստրադային երաժշտության՝ դասական երաժշտությունը պահանջում է լուրջ աջակցություն: Մշակույթի պահպանման եւ զարգացման գործում անգնահատելի ներդրում կատարած ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ վեց տարի շարունակ ստանձնել է նվագախմբի գլխավոր գործընկերոջ առաքելությունը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն այդ ընթացքում նվիրաբերել է 1 645 000 000 դրամ՝ ֆիլհարմոնիկի գործունեությունն առավել արդյունավետ եւ անխոչընդոտ դարձնելու համար: Ընկերության դերը մեծ է նաեւ նվագախմբի համերգների վերաբերյալ երաժշտասեր հանրությանն իրազեկման գործում:

Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում:

Նույն շարքից