ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում այսօր ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց 2014 թվականի արդյունքները:
Ժողովի մասնակիցները նախ հոտնկայս հարգեցին 2014 թվականի ընթացքում կյանքից հեռացած ԳԱԱ անդամներ Գրիգոր Գյուրզադյանի, Սեն Արևշատյանի, Ալբերտ Պողոսյանի և Աննա Բոյաջյանի հիշատակը:
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ:
«2015 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում աշխատող գիտության թեկնածուների և դոկտորների աշխատավարձը բարձրացել է՝ գիտական աստիճանների համար տրվող հավելավճարը կրկնապատկելու շնորհիվ»,- հայտարարեց Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ծավալել ակադեմիայի «Գիտության զարգացման հիմնադրամը»:
Այս խողովակով համակարգի կազմակերպությունների 30 աշխատակից ստացել են 4,5 միլիոն դրամի նյութական օգնություն:
ԳԱԱ նախագահը զեկուցելով Ակադեմիայի 2014 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին, ասաց, որ նախորդ տարվա ընթացքում ԳԱԱ-ում տեղի է ունեցել երկու հիշարժան իրադարձություն՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային երրորդ մրցանակաբաշխությունը և ԳԱԱ նոր անդամների ընտրությունը: 2014-ին ներկայացված 100 թեկնածուից ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ են ընտրվել 17-ը:
Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների գիտական արդյունքներն արտացոլված են արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակված 782 հոդվածում, 18 մենագրությունում:
ԳԱԱ նախագահը հայտարարեց, որ վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը Ռուսաստանի, Բելառուսի և Եվրոպական միության գիտատեխնիկական կենտրոնների հետ:
«Նախորդ տարի Բյուրականի աստղադիտարանի և «Ռուսկոսմոսի» հետ կնքված պայմանագրով նախատեսված տիեզերական մոնիտորների կայանը սկսել է իր աշխատանքները»,- տեղեկացրեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ նախորդ տարի բազային, թեմատիկ, նպատակային և այլ ծրագրերում գիտական հետազոտությունների իրականացման և դրանց աջակցության համար համակարգի ստորաբաժանումները պետական բյուջեից ստացել են 6248957,4 դրամ ֆինանսավորում: Պետական բյուջեից աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կազմել է 5,4 միլիարդ դրամ, որն ամբողջ ֆինանսավորման 75%-ն է: Համակարգի աշխատողների ամսական միջին աշխատավարձը, մեկ մարդու հաշվով, առանց արտաբյուջետային միջոցների, կազմել է 104 հազար դրամ: Արտաբյուջետային ֆինանսների ծավալը հաշվետու տարում կազմել է 1 միլիոն 835 հազար 534 դրամ:
Նշված արդյունքն, ըստ Ռադիկ Մարտիրոսյանի,վերջին հինգ տարիների մաքսիմալ ծավալն է, որը ստացել են կազմակերպությունները կիրառական բնույթի հետազոտություններին ավելի լավ կազմակերպելու արդյունքում:
Ամփոփելով իր զեկույցը, ԳԱԱ նախագահն ասաց, որ ներկայումս ԳԱԱ համակարգում ընդգրկված է 62 ակադեմիկոս և 60 թղթակից անդամ: ԳԱԱ-ի աշխատողների ընդհանուր թիվը 4027 է, որոնցից 2450-ը գիտական աշխատողներ են, 327-ը՝ գիտության դոկտորներ, 1085-ը՝ գիտության թեկնածուներ, 1038-ը՝ գիտական աշխատողներ առանց գիտական աստիճանի:

