Ապրիլի 3-ին Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանի Սենատի դահլիճում տեղի ունեցավ «Հայերը կյանքի ու մահվան միջեւ. Հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովն ու Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաեւ Ռումինիայի հայոց միության եւ հայոց թեմի Կոնստանցայի մասնաճյուղերը:
Գիտաժողովին ելույթ ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Տոմիսի Թեոդոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Հայոց պատմության, ցեղասպանության եւ Ֆրանց Վերֆելի մասին թեմատիկ զեկուցումներով հանդես եկան պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Վալենտին Չորբեան, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Կիրկորը եւ Ռումինական ակադեմիայի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Կումբեթլյանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների բռնած ժխտողականության եւ անզիջում դիրքից վարվող քաղաքականության անընդունելիության մասին` դեսպան Գասպարյանը նշեց միջազգային համախմբման անհրաժեշտությունը ցեղասպանությունների կանխարգելման եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Այդ առումով նա բարձր գնահատեց Եվրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ինչպես նաեւ ԵԺԿ-ի հստակ եւ հատուկ բանաձեւերի նշանակությունը:
Գիտաժողովի ելույթներին հետեւեցին քննարկումներ ռումին ակադեմիական շրջանակներից եւ հայ համայնքից կազմված լսարանի մասնակցությամբ: